Մատչելիության հղումներ

logo-print

Լոս Անջելեսի շրջանի երկու կոնգրեսականների թեժ բանավեճը հայկական հարցերի շուրջ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձեւման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ:

Երկու կոնգրեսականներն էլ դեմոկրատներ են, հրեական ծագում ունեցող ամերիկացներ եւ երկուսն էլ՝ հայկական հարցերի երկարամյա ջատագովներ: Այս թեժ մրցապայքարում 30-րդ կոնգրեսական ընտրատարածքի ընտրողները կանգնած են բարդ ընտրության առջեւ:

Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին հանրային բանավեճ էր կազմակերպել` հնարավորություն ընձեռելով կոնգրեսականներին հայկական հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնել ամերիկահայ ընտրողներին: Հայ դատի հանձնախմբի համանախագահ Նորա Հովսեփյանի ողջույնի խոսքից հետո մոդերատոր Զանգու Արմենյանը ներկայացրեց երկու թեկնածուներին:

Բանավեճը հենց սկզբից թեժացավ, երբ կոնգրեսական Շերմանը մատնանշեց, որ նա Կոնգրեսում բացառապես եղել է հայկական խմբի անդամ, սակայն կոնգրեսական Բերմանը եղել է ե'ւ թուրքական, ե’ւ հայկական խմբերի անդամ:

Կոնգրեսական Բերմանը հակադարձեց՝ հայտարարելով. - «Կոնգրեսում շուրջ երեք տասնամյակ ծառայելու ընթացքում եղել եմ Հայ դատի եռանդուն, հետեւողական եւ անկեղծ ջատագով: Ես համառորեն աշխատել եմ հասնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես մեծ ջանքեր եմ թափել՝ Հանձնաժողովի մակարդակով ցեղասպանության ճանաչման հաղթանակի համար»: Նա շարունակեց պնդել, որ իր առաջնահերթությունը կլինի Ներկայացուցիչների պալատին ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը՝ մինչեւ դրա 100-ամյակը, եւ որ անձամբ է հորդորելու նախագահ Օբամային կատարել Ցեղասպանության վերաբերյալ տված իր խոստումը: Ցեղասպանության ճանաչման ձախողումը «բարոյական վիթխարի ստվեր է գցում այս մեծ ազգի վրա», նշեց կոնգրեսական Բերմանը: Այնուհետեւ նա հպարտորեն հայտարարեց. - «Ես կանգնեցրել եմ վտանգավոր զենքերի փոխանցումը Ադրբեջանին, քանի որ կուշտ եմ եւ հոգնած Ադրբեջանի սպառազինությունների աճից եւ ռազմատենչ հռետորությունից: Հենց այս շաբաթ ես նամակ եմ գրել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ամենագարշելի արարքի մասին. որքան հիշում եմ` նման բան չի կատարվել աշխարհի որեւէ առաջնորդի կողմից. ես խոսում եմ նախագահ Ալիեւի՝ ադրբեջանցի կացնահարող մարդասպանին ներում շնորհելու որոշման մասին, որը ցմահ բանտարկության էր դատապարտվել անմեղ հայ զինվորին քնած ժամանակ սպանելու համար.... Ես Քլինթոնից պահանջել եմ, նախ` ՆԱՏՕ-ի բոլոր անդամների անունից դատապարտել Ալիեւի արարքը, եւ երկրորդ՝ կասեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ իրականացվող հետագա բոլոր միջոցառումներին»:

Ի պատասխան բանավեճի վարողներ` «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի եւ «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատուրյանի բարձրացրած հարցերի՝ կոնգրեսականներն անդրադարձան Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի փոխհատուցումների, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մերժման, Սիրիայում եւ Վրաստանում հայ համայնքների պաշտպանության, Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաօդային բազայի օգտագործման համար այդ հողամասերի հայ սեփականատերերին ԱՄՆ-ի վարձակալության վճարման, Թուրքիայում եկեղեցիները քրիստոնյաներին վերադարձնելու, Ադրբեջանին Իսրայելի զենքերի վաճառքի, Արցախին Միացյալ Նահանգների ֆինանսական օժանդակության, Ադրբեջանի եւ Հունգարիայի պատասխանատվության` կացնահարող մարդասպանին ազատ արձակելու համար, Արցախի անկախության, Հայաստանի հետ Միացյալ Նահանգների առեւտրի համաձայնագրերի եւ Ամերիկայում թուրքական Գյուլեն հանրակրթական դպրոցների խնդիրներին: Ստորեւ ներկայացվում են հատվածներ նրանց ելույթներից.

Կոնգրեսական Բերման. - «Թուրքիան պետք է գիտակցի, որ իրենք ստիպված են առերեսվել իրենց սեփական պատմության հետ: Ես հրեա եմ: Այն մոտեցումը, թե զգացմունքների վիրավորումից խուսափելու համար մենք չենք ճանաչում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը, իմ կարծիքով, ահավոր ստվեր է գցում մեր երկրի վրա»:

Կոնգրեսական Շերման. - «Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին քայլն է, եւ առաջին քայլը` հաջորդ ցեղասպանության համար: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է, որ Ամերիկան ճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Ես կաշխատեմ ... ինչքան որ անհրաժեշտ է, սակայն հուսով եմ հնարավորինս արագ հասնել Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչմանը.... Ժամանակն է ճնշում գործադրել վարչակազմի վրա, հատկապես առաջիկա 38 օրերի ընթացքում, դիմել նախագահի երկու թեկնածուներին՝ հստակ հայտարարություն ստանալով նրանց կողմից.... Մենք պիտի իմանանք, թե ինչ են նրանք պատրաստվում անել հաջորդ տարվա ապրիլին»:

Կոնգրեսական Բերմանը քննադատեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանությունը որպես «պատմական բանավեճ» հիշատակելու համար: Նա ասաց. - «Ոչ մեկը Կոնգրեսում չի վիճարկում, որ Ցեղասպանությունը տեղի չի ունեցել: Նրանք կարող են վիճել «ա~խ, մենք չենք կարող վնասել Թուրքիայի հետ մեր հարաբերություններին կամ նրանք մտերիմ են Թուրքիան ներկայացնող որոշ անձանց հետ... բայց հիմա այլեւս որեւէ տեղ ես չեմ լսում, որ «դա պատմական բանավեճ է» ... Շատ ցավալի է, որ մեր երկրի ղեկավարությունը հետ է գնում` բարձրացնելով այս հարցը.... Դա տեղի է ունեցել: Այն պետք ընդունել: Գերմանացիները ընդունեցին դա, եւ հատկապես որեւէ հրեայի համար, այն տեսակետը, թե կարելի է խուսափել ժխտելով այն կամ փորձել քողարկել որպես պատմական վիճելի հարց, էական մի մեծ սխալ է»:

(շարունակելի)

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG