Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը շնորհավորում է Վրաստանին


Վրաստան - Ընդդիմության կողմնակիցները մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում տոնում են իրենց հաղթանակը, 2-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստան - Ընդդիմության կողմնակիցները մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում տոնում են իրենց հաղթանակը, 2-ը հոկտեմբերի, 2012թ.

Իսկ «Վրացական երազանք»-ի առաջնորդը երկրի նախագահին կոչ է անում հրաժարական տալ։

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրամիության անունից շնորհավորում են «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը։ Այդ մասին ասել է Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը` պատասխանելով Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի հարցին։

Կոսիյանչիչը նշել է, որ թե՛ պատասխանատու կառավարությունը եւ թե՛ կառուցողական ընդդիմությունը կարեւոր դերակատարություն ունեն Վրաստանի հանրության ժողովրդավարության համար։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշինքի հաջողությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը ձգտում է փոփոխությունների։ Մեդվեդեւը ասել է, որ ընտրությունների արդյունքում Վրաստանում քաղաքական դաշտը ավելի բազմազան է դառնում, եւ նշել է, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը` «Եդինայա Ռոսիա»-ն, պատրաստ է երկխոսության ռուս - վրացական հարաբերությունների շուրջ։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նոլանդը, մինչդեռ, շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում ժողովրդավարության հասունացման եւս մեկ կարեւոր փուլի համար։ Դեսպանը նաեւ ողջունել է «Վրացական երազանք»-ի հաջողությունը։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ու իշխանություններին ազատ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։ Նա նշել է, որ նախնական արդյունքները պաշտոնապես հաստատվելու դեպքում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը կփոխանցվի ժողովրդավարական ճանապարհով։

Բիձինա Իվանիշվիլին իր գլխավորած «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո հայտարարել է, թե ներկայիս կառավարության ոչ մի անդամ, նույնիսկ` փոխնախարարները, առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում չեն լինի։ Իսկ Սաակաշվիլիին նա կոչ է արել հրաժարական տալ եւ նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել։

Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի հոկտեմբերի 20-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG