Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 3-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Նախկին խորհրդային եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական եւ «նրան կից» գործարար շրջանակները վստահ են՝ եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետեւանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է՝ դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Հետաքրքիր է նաեւ, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից: Արեւմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար առաջ: Ասիայում, Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում իշխանավորների եւ մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն եւ Միխայիլ Սահակաշվիլին՝ գործիչներ, որոնց ընդունված է «արեւմտամետ» անվանել: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, եւ իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսեւորել որոշակի պետական խոհեմություն՝ այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարեւորը՝ իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից՝ անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում»:

«Օրակարգ»-ը զուգահեռներ է անցկացնում հայաստանյան եւ վրաստանյան իրողությունների միջեւ. - «Երեկ, երբ Հայաստանի խորհրդարանում իշխող կոալիցիան քվեարկության միջոցով որոշեց բավարարել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին «փողերի լվացման» հատկանիշներով որպես մեղադրյալ գործում ներգրավելու մասին, ճիշտ նույն ժամանակահատվածում հարեւան Վրաստանում տեղի ունեցավ շատ խորհրդանշական իրադարձություն. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր կուսակցության պարտությունը եւ հայտարարեց, որ հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը: Ստացվում է, որ երբ Հայաստանի իշխանությունները խորհրդային հայտնի դատախազ Վիշինսկու մեթոդներով պայքարում էին իրենց ընդդիմախոսների դեմ, Վրաստանի իշխանությունները պետական շահի խոր գիտակցումով, Հարավային Կովկասի պետությունների պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցում են ընդդիմությանը»:

Օսկանյանի թեմային է անդրադառնում նաեւ «Հայոց Աշխարհ»-ը. - «Խորհրդարանը երեկ քվեարկեց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Բայց ողբերգություն սարքել դրանից, բնականաբար, չարժե։ Նախ՝ այժմ նախկին արտգործնախարարը տառապյալ է, իսկ նրանց հայոց աշխարհում ավանդաբար սիրում են։ Զարմանում եմ, թե ինչպես մեզանում առ այսօր ոչ մեկի մտքով չի անցել փշե պսակների խանութ բացել։ Երկրորդ՝ նա հիմա նշանավոր է։ Թեեւ ժամանակին Ախմատովան նկատել է. «Աղոթեք քնելուց առաջ, որ հանկարծ նշանավոր չարթնանաք»։ Այժմ կարելի է փորձել նաեւ նախագահ դառնալ։ Իսկ ինչո՞ւ ոչ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով Հանրապետության նախագահի կողմից վերջին շրջանում անցկացվող խորհրդակցություններին, գրում է. - «Սերժ Սարգսյանը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի միամսյակը, այսինքն` համարյա ամեն օր խոսում է այդ մասին: Բայց գործընթացը գնալով ավելի ու ավելի ծիծաղելի դրսեւորումներ է ստանում: Նախօրեին, օրինակ, նա իրար գլխի էր հավաքել հարկաբյուջետային ոլորտի պատասխանատուներին ու քննարկում էր գործարար միջավայրի հետագա բարելավման հարցը: Սարգսյանը ասում է. - «Ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին եւ անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին»: Փորձենք հասկանալ այս ցնցող միտքը: Նախ` որեւէ մեկին պատժելու լիազորություն չունի: Եթե որեւէ պաշտոնյա, ասենք, նախարար հարկային մարմիններին միջնորդում է, որ այս կամ այն բիզնեսից քիչ հարկեր վերցնեն, ապա դա կոնկրետ քրեական հանցագործություն է, եւ դրանով պիտի զբաղվեն իրավապահները: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է, իսկ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Դրանցում, ի դեպ, ոչ մի բառ չկա քրեական հանցագործներին պատժելու մասին: Պարզ ասած` Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա չի հասկացել, որ երկիրը պիտի առաջնորդվի օրենքներով եւ ոչ թե ճիշտ ու սխալի իր պատկերացումներով»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի «Ենոքավանի հավերժ նախագահը» հրապարակման մեջ կարդում ենք. - «Հայաստանի անկախության տարիներին, բոլոր երեք նախագահների օրոք, վերջիններիս մեծադիր լուսանկարները երբեք չեն կախվել, թերեւս, միայն մեկ գյուղում` Ենոքավանում: Տավուշի մարզի Ենոքավան գյուղի գյուղապետարանում` ՀՀԿ-ական գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի գլխավերեւում, Սերժ Սարգսյանի փոխարեն մեզ է նայում ոչ ավել, ոչ պակաս` Ենոք Մկրտումյանի դիմանկարը: Վերջինս հայտնի հեղափոխական էր եւ 1920 թվականին պայքարում էր դաշնակցականների դեմ»: «Հանրապետության նախագահն իմ նախագահն է, իմ գլխավոր հրամանատարն է, բոլորս ենթարկվում ենք մեր գլխավոր հրամանատարին, մեր նախագահին: Աշխատասենյակում դրված են ՀՀ զինանշանն ու դրոշը, բայց Ենոք Մկրտումյանը մեր գյուղի կուլակի` Մկրտումյան Ալավերդու տղան է, ինքը կարող էր ապրել շատ-շատ լավ, բայց հոր ունեցվածքը թաքուն գողանում, գյուղի աղքատներին էր տալիս, որ ժողովուրդը չկոտորվի: Նման մարդը պետք է հավերժ ապրի», - բացատրել է գյուղապետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG