Մատչելիության հղումներ

Փաստաբանները պահանջում են լրացուցիչ քննություն


«Հարսնաքար»-ի գործով դատական առաջին նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 13-ը սեպտեմբերի, 2012թ.
«Հարսնաքար»-ի գործով դատական առաջին նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 13-ը սեպտեմբերի, 2012թ.
«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը երեկ դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի որոշումը` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու մասին:

«Բոլոր հիմքերը կան նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները եւ բացթողումները վերացնելու նպատակով քրեական գործը քննիչին վերադարձնելու եւ լրացուցիչ քննություն կատարելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, գործով մյուս չորս տուժողների փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Այդ բողոքով մենք ամփոփել ենք նախաքննության ընթացքում տեղ գտած բոլոր խախտումներն ու բացթողումները: Մեր բողոքը բավարարելու պարագայում դատախազությունը ստիպված է լինելու համապատասխան ցուցումներ տալ նախաքննության մարմնին` վերացնելու այդ թերությունները», - հավելեց նա:

Հիշեցնենք` «Հարսնաքար»-ի գործով նախաքննության ընթացքում փաստաբանները ներկայացրել էին միջնորդություններ, որոնք մերժվել էին: Դրանք վերաբերում էին ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած ծեծի տեսաձայնագրության անհետացման հետ կապված մի շարք հարցեր պարզելուն, Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելուն եւ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումների միջոցով հանցակցության հարցը պարզելուն, բացի ներկայումս կալանքի տակ գտնվող 6 անձանցից, մյուս մասնակիցներին եւս պատասխանատվության ենթարկելուն:

Տուժող կողմի փաստաբանները նաեւ միջնորդել էին հստակեցնել, թե ով եւ ինչ եղանակով է Վահե Ավետյանին հասցրել մահացու վնասվածքներ:

Փաստաբանները օգոստոսի 24-ին ոստիկանության քննիչի որոշումների կապակցությամբ բողոք էին ներկայացրել դատախազություն, սակայն, վերահսկող մարմինը, ինչպես նշել են փաստաբանները` դրսեւորելով խիստ տարակուսելի փութաջանություն, միաժամանակ չխորշելով դատավարական խախտում թույլ տալուց, մեղադրական եզրակացությամբ գործը քննիչից ստանալուց 3 օր անց ուղարկել է դատարան` չսպասելով բողոքներ ներկայացնելու` տուժող կողմին հատկացված ժամկետի ավարտին:

«Դատախազությունը եռօրյա ժամկետում հաստատում է մեղադրանքը, սակայն քննության բազմակողմանիության, օբյեկտիվության եւ լրիվության կապակցությամբ մեր կողմից ներկայացվող բողոքները քննում եւ պատասխանում է դրանց երկու շաբաթ եւ ավելի ժամանակահատվածում: Սա ուղղակի աբսուրդային է եւ խոսում է վերահսկողության իսպառ բացակայության մասին: Այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ դատախազությունն ու քննչական մարմինը, ըստ էության, այս գործում հանդես են եկել որպես մի մարմին», - նշեց փաստաբանը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ փաստաբանների բողոքի կապակցությամբ Կենտրոնի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում մեկնարկած «Հարսնաքար»-ի գործով դատավարության վրա, Եգորյանը պատասխանեց. - «Եթե Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը գա եզրահանգման, որ այդ որոշումը օրինական չէ, ապա վերացնելու է այն: Վերացնելու հետեւանքն այն է, որ գործը, որը ուղարկվել էր Ավանի դատարան եւ այժմ այնտեղ դատավարության փուլում է, պետք է կասեցվի»:

«Հարսնաքար»-ի գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել 2 դատական նիստ: Հաջորդ նիստը նշանակված է վաղը:

Իսկ փաստաբանների բողոքի վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը պետք է որոշում կայացնի 10-օրյա ժամկետում:
XS
SM
MD
LG