Մատչելիության հղումներ

97 հազար հայաստանցի ցանկանում է ստանալ «գրին քարտ»


2013 թվականին ԱՄՆ մեկնելու համար մշտական բնակության արտոնագիր ստանալու Հայաստանից դիմողների թիվը կազմել է 97 հազար 679 մարդ:

Եթե 2009, 2010 թվականների միջակայքում դիմողների թիվը նվազել է 6 հազարով, ապա 2011-ից սկսած ամեն տարի դիմողների թվի զգալի է աճ է նկատվել: Մշտական բնակության արտոնագիր կամ, ինչպես ընդունված է ասել, գրին քարտ 2013-ի համար ստացել է 998 մարդ:

Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոս Ջորջ Լինը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ 2014 թվականի խաղարկության դիմումները հոկտեմբերի 2-ից արդեն ընդունվում են բացառապես էլեկտրոնային տաբերակով: Դիմումները ընդունվում են մինչեւ նոյեմբերի 3-ը:

«Ամենամյա բազմազանության արտոնագրի ծրագրին մասնակցողների դիմումները պետք է բավարարեն շատ պարզ, բայց խիստ պահանջների», - հայտնում է հյուպատոսը:

Առաջին փուլն իրականցվում է վիճակահանությամբ, ապա տեղի է ունենում հարցազրույց, որի ընթացքում պարզվում է՝ արդյոք դիմողները համապատասխանում են ընտրվելու չափանիշներին:

Հյուպատոսը նշեց, որ երկրորդ փուլում արտոնագիր տրամադրելու համար հիմնականում հաշվի են առնում դիմողի կրթությունն եւ աշխատանքային փորձը. - «Մնացածն արդեն երկրորդական ենք համարում»:

«Այս արտոնագրերը բաշխվում են 6 աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ: Իսկ այն երկրները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում 50.000-ից ավելի ներգաղթյալ են ունեցել, իրավունք չունեն մասնակցել ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ արտոնագրերի 7%-ից ավելին», - փոխանցեց ԱՄՆ-ի հյուպատոսը:

Առաջին փուլին մասնակցելու համար գումար չի գանձվում, իսկ հարցազրույցի ժամանակ մեկ անձը վճարում է 330 դոլար, որը արտոնագիր չստանալու դեպքում ետ չի վերադարձվում:

Հյուպատոսը նաեւ խոսեց այն մասին, որ շատ են կեղծ նամակները, որ ուղարկվում են Հայաստանի եւ աշխարհի բոլոր քաղաքացիների էլեկտրոնային հասցեներին եւ հայտնում, որ իրենք արտոնագիր են շահել, պահանջում վճարել գումար եւ այլն: Հյուպատոսը զգուշացրեց, որ դիմողներին դեսպանատունը երբեք ոչ մի նամակ չի ուղարկում:

2013-ին ողջ աշխարհից այս արտոնագիրը ստանալու դիմել է մոտ 15 միլիոն մարդ: Ամենամեծ թվով՝ 2 մլն դիմում է ընդունվել Նիգերիայից, մեկական միլիոն մարդ մշտական բնակության արտոնագրի է դիմել Գանայից, Ուկրաինայից եւ Եգիպտոսից: Հայաստանի հարեւան Ադրբեջանից 2013-ի արտոնագրի է դիմել 25 հազար, իսկ Վրաստանից 53 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG