Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից


Վարդան Օսկանյանը խորհրդարանում, 1-ը հոկտեմբերի, 2012

Վարդան Օսկանյանը խորհրդարանում, 1-ը հոկտեմբերի, 2012

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Փակ գաղտնի քվեարկությամբ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունը բավարարելու օգտին քվեարկեց 64, դեմ` 6 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Քվեարկությանը մասնակցեց խորհրդարանական վեց խմբակցություններից երկուսը` Հայաստանի հանրապետականն ու «Օրինաց երկիր»-ը: Մյուս չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը որոշում էին կայացրել չմասնակցել քվեարկությանը: Քննարկումների ողջ ընթացքում այս ուժերը դատախազի միջնորդությունը «քաղաքական պատվեր» էին որակում:

«Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այն անձն է, ում անվան հետ կապում են Հայաստանում տեղի ունեցած բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերի ու մեղադրանքների հարուցումը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի տապալումը, մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտման եւ մեղավորների պարտակման փաստը, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը որեւէ վստահություն չի տածում դատախազի պրոֆեսիոնալ որակների նկատմամբ», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիրների այս քայլը նաեւ ռազմավարական իմաստ ուներ. եթե քվեարկությանը 66 պատգամավոր չմասնակցեր, քվեարկության արդյունքները անվավեր կճանաչվեին: Սակայն իշխանական երկու խմբակցությունները գրեթե ամբողջական կազմով ներկայացան քվեարկությանը եւ բավարարեցին գլխավոր դատախազի միջնորդությունը:

Արձագանքելով իշխանական կոալիցիայի անդամ խորհրդարանական խմբակցությունների վերջին որոշմանը` Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. - «Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է եւ առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»:

ՀՀԿ-ն «շատ լավ քայլ է կատարել»

Հանրապետականը կարծում է, որ շատ լավ քայլ է կատարել, թույլ է տվել Վարդան Օսկանյանին ապացուցել իր անմեղությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Հանրապետականի ղեկավարին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես այսօր հավաստիացրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, նա ցանկանում է պարզել ճշմարտությունը:

«Հանրապետության նախագահը շատ հստակ ասել է` մեղավորները պատժվելու են: Եթե իրոք Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմիններ, որոնք այդ գործընթացը սկսել են: Անպայման հետեւանքներ կլինեն», - ասաց ԱԺ նախագահը:

Աբրահամյանը եկել էր քվեարկելու եւ հայտարարեց` եթե պարզվի, որ Օսկանյանն անմեղ է, չգիտի` ինչպես կվարվի ՀՀԿ-ն, բայց ինքն անձամբ ներողություն կխնդրի:

Լրագրողներից մեկի հարցին, թե Օսկանյանն այն խոշոր ձո՞ւկն էր, որի մասին կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում խոսում էր նախագահ Սերժ Սարգսյանը, Աբրահամյանը պատասխանեց. - «Իմ կարծիքն եք ուզո՞ւմ իմանալ` ոչ»:

Աբրահամյանը կարծում է, որ Հանրապետականի շարքերում էլ կան անձինք, որոնց արժեր զրկել անձեռնմխելիությունից, սակայն նա անուններ չհնչեցրեց: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չի բացառո՞ւմ, որ հնարավոր են ապագայում այլ միջնորդություններ այլ պատգամավորների գործունեության հետ կապված, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Ոչ մի բան չեմ բացառում»:

Հովիկ Աբրահամյանն ուզում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ նախագահն այսօր հայտարարեց, որ այս պահին էլ ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններ են այդ ուղղությամբ ընթանում:

ԱՄՆ-ը մտահոգված է

Այսօր խորհրդարանում էին նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցները: Ավելի ուշ դեսպանատունը հայտարարեց, թե «մտահոգված է վերջին զարգացումներով»:

«Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը», - ասված է հայտարարությունում:

Ծառուկյանը բացակա էր

Ինչպես քննարկումներին, այնպես էլ քվեարկությանը չմասնակցեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս անգամ եւս նրա կուսակիցները պնդում էին, որ նա Հայաստանում չէ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG