Մատչելիության հղումներ

Օրբան. «Սաֆարովի հանձնումը ճիշտ որոշում էր»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը Բաքվում, 30-ը հուլիսի, 2012թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը Բաքվում, 30-ը հուլիսի, 2012թ.

«Մենք նույնը կանեինք, եթե մի հայ սպանած լիներ ադրբեջանցու», - խորհրդարանում հայտարարել է Հունգարիայի վարչապետը։

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը «ճիշտ եւ իրավացի» որոշում էր, որը թույլ տվեց Հունգարիային դուրս գալ հայ - ադրբեջանական հակամարտությունից, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` երկուշաբթի օրը խորհրդարանում պատասխանելով սոցիալիստ պատգամավոր, Հունգարիայի նախկին արտգործնախարար Լասլո Կովաչի հնչեցրած քննադատությանը, որը շեշտել է, որ մարդասպանը իր հայրենիքում հերոսացվել է` ժամանելուն պես ազատություն ստանալով, Օրբանը ասել է, թե իր կառավարության որոշումը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ Հունգարիայի իրավական պրակտիկային։

«Մենք նույնը կանեինք, եթե մի հայ սպանած լիներ ադրբեջանցու։ Հունգարիան պետք է հետապնդի սեփական, այլ ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի շահերը», - հայտարարել է Վիկտոր Օրբանը։

Կովաչը, իր հերթին, ընդգծել է, որ այդ քայլով Հունգարիան միջամտել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությանը։ Շահը նման որոշումից, որը «Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին դրել է միեւնույն կողմում», անհասկանալի է, հավելել է նախկին արտգործնախարարը։

Խորհրդարանականը նշել է նաեւ, որ որոշմանը ընդդիմացել են Հունգարիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունները։

Վարչապետը հակադարձել է, թե որոշման շարժառիթը «կարճաժամկետ շահը չէր», իսկ երկարաժամկետ հեռանկարում այն շահ բերելու է։

Նշելով, թե հայ - ադրբեջանական հակամարտությունը դեռ շարունակվելու է, Օրբանը պնդել է, թե «Հունգարիան դուրս եկավ դրանից` արտահանձնելով ադրբեջանցի դատապարտյալին»։ «Քանի դեռ նա այստեղ էր, նա բազմաթիվ հակասությունների եւ դժվարությունների պատճառ էր դառնում, եւ այդ իրավիճակը ապագայում էլ չէր փոխվելու», - հայտարարել է Հունգարիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG