Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ի աննախադեպ հաջողությունը


Վրաստան - «Վրացական երազանք»-ի կողմնակիցները տոնում են իրենց հաջողությունը, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2012թ.
Վրաստան - «Վրացական երազանք»-ի կողմնակիցները տոնում են իրենց հաջողությունը, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2012թ.

Ընդդիմությունը համոզված է, որ մեծամասնություն է ստացել նոր խորհրդարանում։

Վրաստանում նախօրեին տեղի ունեցած ընտրությունների ընթացքը եւ նախնական արդյունքները վկայում են, որ հարավկովկասյան առանձին վերցրած մի երկրում հնարավոր է քվեարկության միջոցով քաղաքական իրավիճակը փոխելու երազանքի իրականացումը։

Այդպես է առնվազն «Վրացական երազանք»-ի պարագայում։ Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած դաշինքը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների ավելի քան 54 տոկոսը, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»` 41 տոկոս։

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեների ավելի քան 20 տոկոսը, եւ ակնհայտ է, որ ընդհանուր պատկերը դժվար թե փոխվի։

Վրաստանում 150-տեղանոց խորհրդարանի 77 տեղն ընտրվում է համամասնական, 73-ը` մեծամասնական ընտրակարգով։

Երբ հրապարակվել են ետընտրական հարցումների` exit poll-երի տվյալները, Սաակաշվիլին խոստովանել է, որ Միացյալ ազգային շարժումը համամասնականով զիջել է ընդդիմությանը։ Միաժամանակ, Սաակաշվիլին ընդգծել է, որ իր քաղաքական հենարանը լուրջ հաջողության է հասել մեծամասնական ընտրակարգով։

Բիձինա Իվանիշվիլին, իր հերթին, հույս է հայտնել, որ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում կապահովի առնվազն 100 տեղ։

«Վրացիներն ապացուցեցին, որ մեծ մշակույթի տեր եւ իմաստուն ժողովուրդ են։ Կարծում եմ, Վրաստանի պատմության ընթացքում հետաքրքիր նախադեպ է գրանցվել` առաջին անգամ մենք իշխանություն ենք փոխել ընտրությունների եղանակով», - ասել է Իվանիշվիլին։

Այս ընտրությունները ճակատագրական քաղաքական նշանակություն ունեն, քանի որ հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնի սահմանադրական բարեփոխումը, եւ Վրաստանը, ըստ էության, կվերածվի խորհրդարանական հանրապետության, որտեղ գործադիր իշխանության հիմնական լծակները կվերապահվեն վարչապետին, իսկ նախագահին կտրվեն առավելապես արարողակարգային լիազորություններ։

Վերլուծաբանների համոզմամբ, հենց դա էր երրորդ անգամ առաջադրվելու իրավուք չունեցող գործող նախագահ Սաակաշվիլիի նպատակը` դառնալ վարչապետ եւ պահպանել իրական իշխանությունը, սակայն Վրաստանի ղեկավարի այդ երազանքի իրականացումը, կարծես թե, խափանվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG