Մատչելիության հղումներ

Օդանավակայանը պատրաստ է, բայց դեռ թռիչքներ չեն իրականացվում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի օրը սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ օդանավակայանը պատրաստ է, սակայն չվերթների մասին դեռ խոսք չկա:

«Այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բայց մեր քաղաքացիների կողմից ընկալումը ճիշտ չէր: Քաղաքացիական ավիացիայի վարչության պատասխանատուները, այո’, պաշտոնական հայտարարությամբ հանդես են եկել, որ այս շաբաթ կվերաշահագործվի Ստեփանակերտի օդանավակայանը: Նրանք նշել են, որ օդանավակայանը պատրաստ է շահագործման հանձնելուն: Եվ դա իրականություն է», - ասել է նախագահը` հավելելով, որ ԼՂ քաղաքացիական ավիացիան խոսել է օդանավակայանի պատրաստ լինելու մասին, ոչ թե թռիչքների վերսկսման:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթեր է ընդունել Երեւանից եւ Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008-ին սկսվեց օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը մեկնած արծվի:

Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր 2011-ի մայիսի 9-ին, սակայն անորոշ ժամանակով հետաձգվեց` պաշտոնական վարկածով զուտ տեխնիկական պատճառներով: Այս ընթացքում լայնացվել է թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել է թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:

Ստեփանակերտի օդանավակայանն ունի նաեւ օդանավ, որը նվիրել էր արգենտինահայ բարեգործ Էդուարդո Էռնեկյանը: Սակայն այն Ստեփանակերտ դեռ չի հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG