Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց Բան Կի-մունին


Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նալբանդյանին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշել, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:

Բան Կի-մունի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման եւ կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի եւ Դուրբանի գագաթնաժողովների լույսի ներքո կարեւորել է մինչեւ 2015 թվականը կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին:

Բան Կի-մունը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG