Մատչելիության հղումներ

logo-print

«Սիվիլիթաս»-ը եւ Հանթսմանները մեր գլխավոր դատախազի պաշտպանության կարիքը չունեն»


Վարդան Օսկանյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, Երեւան, 1-ը հոկտեմբերի, 2012թ.

Վարդան Օսկանյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, Երեւան, 1-ը հոկտեմբերի, 2012թ.

«Սիվիլիթաս» հիմնադրամը եւ Հանթսման ընտանիքը Հայաստանի գլխավոր դատախազի պաշտպանության կարիքը չունեն։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հակադարձելով երկուշաբթի օրը Ազգային ժողովում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հնչեցրած հայտարարություններին, թե, մասնավորապես, Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս»-ին հատկացված գումարներից յուրացրել է 180 հազար դոլար, եւ դատախազությունը այս դեպքում պաշտպանում է «Սիվիլիթաս»-ի շահերը, փաստաբանը ասաց. - «Սիվիլիթաս» հիմնադրամը եւ Հանթսման ընտանիքը մեր` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտպանության կարիքը բացարձակ չունեն։ Այս միջնորդագիրը մատի եւ մատանու արանքը մտնելն է։ Ի վերջո, հայտնի են գումարի սեփականատերերը եւ նրանց կատարյալ համաձայնությունը ֆինանսական շարժերի վերաբերյալ։ Այս պայմաններում, սա արդեն իրավաբանությունը չի խոսում, այլ` քաղաքական հետապնդումը, այս պայմաններում չի կարելի ասել, որ կա հափշտակություն, այսինքն` յուրացում»։

Աթանեսյանը նաեւ հերքեց, թե հիշյալ 180 հազար դոլարը Օսկանյանը ծախսել է իր կարիքների համար։ «Հանթսմաններից ստացված գումարներից եւ ոչ մի լումա պարոն Օսկանյանը իր անձնական կարիքներին չի ծախսել», - վստահեցրեց նա։

«Իսկ ինչի՞ մասին էր խոսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` նշելով, որ [Օսկանյանը] մտերիմներին է ուղարկել, փոխանցել, իր հարազատներին», - այս հարցին Աթանեսյանը արձագանքեց. - «Գլխավոր դատախազը ես չգիտեմ` ինչի մասին էր խոսում, այդ հարցը պետք է իրեն ուղղել։ Նման բան չկա, ես ինքս եմ ուսումնասիրել այդ փաստաթղթերը` նման բան չկա։ Միշտ գումար, որը հատկացված է եղել «Սիվիլիթաս»-ի նպատակների համար, այդ չափի գումար միշտ եղել է հաշիվներին եւ տեղափոխվել է «Սիվիլիթաս» ըստ կարիքի»։

Ազգային ժողովում գլխավոր դատախազի ելույթի, ներկայացրած հիմնավորումների իր գնահատականի վերաբերյալ փաստաբանը նշեց. - «Որպես Վարդան Օսկանյանի փաստաբան` ես ասել եմ` դա իրավաբանությունից զուրկ փաստաթուղթ է»։

«Իր ելո՞ւյթը ընդհանրապես», - այս հարցին էլ Տիգրան Աթանեսյանը արձագանքեց. - «Եկեք պարոն գլխավոր դատախազի ելույթը ես չմեկնաբանեմ, որովհետեւ, իմ կարծիքով, արդեն պատասխանեցի այդ հարցին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG