Մատչելիության հղումներ

logo-print

Կօգնի՞ Ադրբեջանը Իսրայելին Իրանի դեմ պատերազմում


Իսրայելական արտադրության UAV Hermes 500 անօդաչու թռչող սարքը

Իսրայելական արտադրության UAV Hermes 500 անօդաչու թռչող սարքը

Իսրայելը նկատել է տալիս, որ ցանկացած գնով կփորձի խափանել Իրանում ատոմային ռումբի ստեղծումը, սակայն ինչպե՞ս դա անել առանց ԱՄՆ-ի աջակցության։

«Իրանին մեկ տարի է պետք ռումբ ստեղծելու համար»

Իսրայելը պատրաստ է Իրանի միջուկային ռազմական ծրագիրը խափանելու համար միակողմանի քայլի դիմել։ Մինչդեռ, Իսրայելի հիմնական դաշնակիցը` Ամերիկայի Միացյալ Նահանգները, արդեն թեւակոխել է նախագահական ընտրությունների վճռական փուլ` ժամանակաշրջան, երբ Սպիտակ տունը բնավ չէր ցանկանա ներքաշվել միջազգային հակամարտության մեջ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել է, թե Իրանին սոսկ մեկ տարի է անհրաժեշտ ատոմային զինանոց ստեղծելու համար, եւ չի բացառվում, որ առանց Միացյալ Նահանգների աջակցության Իրանի վրա հարձակումը պարզապես ձախողվի։ Այդ դեպքում ո՞ր երկիրը կարող է սատարել Իսրայելին։

Reuters լրատվական գործակալությըան վերլուծաբան Թոմաս Գրովի փոխանցմամբ` այդպիսի դաշնակից կարող է դառնալ նավթով հարուստ Ադրբեջանը, որը ե՛ւ Իրանի ռազմական կարողություններին է տեղյակ, ե՛ւ արդեն ունի Իսրայելի հետ համագործակցելու փորձ։

Ադրբեջանի աջակցությունը շատ կարեւոր կլինի

Ադրբեջանի հնարավորությունները, իհարկե, շատ ավելի համեստ են Միացյալ Նահանգների համեմատությամբ, այնուամենայնիվ, այդ երկրի օգնությունը կարող է չափազանց կարեւոր դառնալ, օրինակ, իսրայելյան օդուժը վառելիքով ապահովելու կամ, անհրաժեշտության դեպքում, կործանված ինքնաթիռների անձնակազմերը փրկելու գործողությունների ժամանակ։

Թոմաս Գրովը նշում է, որ նման զարգացումը կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար, քանի որ վտանգի տակ կդնեն հարստության հիմնական երաշխիքը` նավթարդյունաբերությունը։ Բացի այդ, պատերազմի մեջ ներքաշվելը կարող է ակտիվ գործողությունների դրդել Ալիեւին տապալելու մասին երազող իսլամիստներին։

Ավելի ընդարձակ համատեքստում նման զարգացումը եւ Իրանի անխուսափելի արձագանքը կարող է ինչ-որ կերպ ազդեցություն գործել նաեւ հայ - ադրբեջանական «սառեցված» հակամարտության վրա մի անկայուն տարածաշրջանում, որտեղ բախվում են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Արեւմտյան Եվրոպայի եւ նույնիսկ Չինաստանի շահերը։

«Իսրայելը կցանկանար օգտագործել Ադրբեջանի օդակայանները»

Իսրայելի եւ Ադրբեջանի պաշտոնյաները հերքում են այսօրինակ համագործակցության մասին տեղեկությունները, սակայն ադրբեջանցի երկու նախկին զինծառայող, ինչպես նաեւ մի շարք ռուսական հետախուզական աղբյուրներ պնդում են, որ իսրայելցիները եւ ադրբեջանցիները քննարկել են Իրանի վրա հավանական գրոհի դեպքում ադրբեջանական օդակայանները օգտագործելու տարբերակը։

«Որտեղի՞ց են օդ բարձրանալու ինքնաթիռները, այստեղի՞ց, այնտեղի՞ց, ո՞ր ուղղությամբ` այս հարցերն են հիմա քննարկվում, իսրայելցիները կցանկանան մուտք գործել Ադրբեջանի օդակայաններ»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապեր ունեցող անվտանգության հարցերով մի վերլուծաբան, որի անունը Reuters-ը մեկնաբանը չի հաղորդում։

Իսրայելի եւ Ադրբեջանի կապերը նման են սառցալեռան

Նրա փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը մահմեդական աշխարհի այն սակավաթիվ ղեկավարներից է, ովքեր հրեից պետության բարեկամ են համարվում։ Դրա բացատրությունը շատ պարզ է. Ադրբեջանն Իսրայելի հետ կնքել է անօդաչու թռչող սարքեր եւ այլ զինատեսակներ գնելու պայմանագիր, գործարքի արժեքը 1 միլիարդ 600 միլիոն է։ Իսրայելն էլ, իր հերթին, կասպյան նավթի կարիքն ունի։

Թոմաս Գրովը նշում է, թե ըստ 2009-ին գաղտնազերծված ամերիկյան դիվանագիտական մի հեռագրի` նախագահ Ալիեւն ասել է, որ «Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները նման են սառցալեռան, տեսանելի է միայն գագաթը, իսկ 9-10-րդը չի երեւում»։

Reuters-ի մեկնաբանի փոխանցմամբ` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը բազմիցս նկատել է տվել Իսրայելին, որ դեմ է միակողմանի գործողություններին։ Սպիտակ տունը չի ողջունի նաեւ այդ խնդրին Ադրբեջանի ներքաշվելը։

«Դա բանսարկություն է»

Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Ռաշադ Քերիմովն ասել է, թե որեւէ երկիր Իրանի վրա չի հարձակվի Ադրբեջանի տարածքից։ Նա բանսարկություն է որակել այդ կարգի խոսակցությունները։

Այդ դեպքում ո՞ր նպատակով է Ադրբեջանը մեծ թվով նոր զինատեսակներ ձեռք բերում։

«Ոչ ոք հենց էնպես զենք չի գնում»

«Այո, մենք շարունակում ենք զենք գնել, դա լավ ռազմավարություն է Հայաստանին վախեցնելու համար», - ասել է Reuters-ի մեկնաբանի զրուցակիցներից մեկը` ադրբեջանցի նախկին զինծառայող, ով նշել է, որ ղարաբաղյան խնդրում որեւէ առաջընթաց չկա։

«Բայց ոչ ոք հենց էնպես զենք չի գնում, որ այն պատին կախվի ու փոշիով ծածկվի։ Մի օր այդ ամենը կօգտագործվի», - նկատել է այդ զինծառայողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG