Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճի վերջին օրը ելույթով հանդես է եկել Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանում էլ կա անհանդուրժողականություն եւ ատելություն խնդիր։

«Տարիներ շարունակ Հայաստանն այս ամբիոնից ահազանգում է Ադրբեջանում ռազմատենչ հռետորաբանության, միջազգային համաձայնությունների կոպիտ խախտումների եւ Ադրբեջանի հասարակության շրջանում ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին», - ասել է Նալբանդյանը։

Նրա փոխանցմամբ, շատ միջազգային կառույցներ նույնպես մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, օտարատյացության, հայերի հանդեպ ատելության, ռասիզմի եւ անհանդուրժողականության կապակցությամբ։

Ո՞րն է Ադրբեջանի պատասխանը։ Նախարարի խոսքերով, այդ երկիրը ոչ միայն անտեսում է միջազգային համայնքի ակնկալիքներն, այլեւ կատարում է քաղաքակիրթ աշխարհի արժեքները ոտնահարող նոր քայլեր։ Դրա վկայությունը մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու եւ Ադրբեջանում հերոսացնելու իրողությունն է։ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել է քնած Գուրգեն Մարգարյանին միայն այն բանի համար, որ նա հայ է։ Ադրբեջանը Սաֆարովին հռչակել է ազգային հպարտության խորհրդանշան եւ օրինակ երիտասարդության համար։ Աշխարհի արձագանքը միանշանակ էր` միջազգային համայնքը դատապարտել է Բաքվի այդ արարքը։

Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե Ադրբեջանը ափսոսանքով եւ զարմանքով է արձագանքել միջազգային հանրության այդ դիրքորոշմանը։

«Իսկ ի՞նչ էր սպասում Ադրբեջանը, որ աշխարհը պետք է ծափահարի՞ զզվելի մարդասպանի հերոսացմանը», - ասել է Նալբանդյանը։

Նախարարն իր ելույթում ասել է, թե Ադրբեջանը պնդում է, որ Սաֆարովին ազատ արձակելը միանգամայն համապատասխանում է միջազգային օրենքներին եւ Ադրբեջանի սահմանադրությանը։ Մինչդեռ, Բաքվի այդ քայլը դատապարտել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, Եվրախորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ Բոլորն ընդգծել են, որ ազգային ատելության հողի վրա կատարված նմանօրինակ զարհուրելի հանցագործությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե հերոսացվի։

«Ադրբեջանը եւ մնացյալ աշխարհը իրարամերժ պատկերացումներ ունեն միջազգային օրենքների ըմբռնման եւ լավն ու վատը միմյանցից զատելու հարցում», - ասել է Նալբանդյանը` հավելելով, որ Սաֆարովի վերաբերյալ Բաքվի արարքը խիստ անպատասխանատու էր եւ ամոթալի ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի, այլ ընդհանրապես ՄԱԿ-ում ներկայացված երկրի համար։

«Ակնհայտ է, որ միջազգային համայնքը չպետք է հանդուրժի միջազգային օրենքը իրենց ռասիստական գաղափարախոսությանը հարմարեցնելու Ադրբեջանի ղեկավարների փորձերը», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքերով, Սաֆարովի սկանդալը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Նախարարն իր ելույթում ասել է, որ մինչ Հայաստանը փորձում է միջնորդների աջակցությամբ գտնել կարգավորման ճանապարհը, Ադրբեջանը շարունակում է ուժով սպառնալ, ավելի քան 20 անգամ ավելացնում է ռազմական բյուջեն, մերժում է միջնորդների առաջարկները, հրաժարվում է շփման գծից դուրս բերել նշանառուներին, խախտում է հրադադարի ռեժիմը ոչ միայն Ղարաբաղում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին, Թուրքիայի հետ միասին շարունակում է Հայաստանի շրջափակումը։

Եվ այնուամենայնիվ, ըստ Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանը շարունակելու է հակամարտությունը բացառապես խաղաղ եղանակով` ՄԱԿ-ի հռչակագրի հիման վրա կարգավորելու քաղաքականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG