Մատչելիության հղումներ

Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող 11 քաղաքները


Սամարայում կառուցվելի մարզադաշտի մակետը
Սամարայում կառուցվելի մարզադաշտի մակետը
ՖԻՖԱ-ն հաստատել է Ռուսաստանի այն քաղաքների ցանկը, որոնցում կանցկացվեն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։

Ռուսական 11 քաղաքների շարքում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Եկատերինբուրգը, Կազանը, Նիժնի Նովգորոդը, Սամարան, Կալինինգրադը, Վոլգոգրադը, Դոնի Ռոստովը եւ Սարանսկը։ Տեւական քննարկումներից ու բանակցություններից հետո այս ցուցակից, այնուամենայնիվ, դուրս մնացին Կրասնոդարն ու Յարոսլավլը։ Վիճահարույց էր նաեւ գրեթե ամբողջությամբ վերակառուցված մոսկովյան «Դինամո» մարզադաշտի հարցը, որը չի բավարարել ՖԻՖԱ-ի մասնագետների պահանջներին. նրանք նախապատվությունը տվել են մայրաքաղաքային մեկ այլ ակումբի՝ Սպարտակի նոր կառուցվող մարզադաշտին։ Առաջնության եզրափակիչը տեղի է ունենալու մոսկովյան հանրահայտ «Լուժնիկի» մարզադաշտում, որը հիմնովին վերանորոգվելու է։ Մյուս բոլոր քաղաքներում առաջնությունը կընդունեն մեկական ստադիոններում։

Մերժված քաղաքներից ամենաբուռն դժգոհությունն արտահայտել են Կրասնոդարում, որը համարվում է ֆուտբոլային քաղաք. Ռուսաստանի առաջնությունում միանգամից երկու ակումբ են ներկայացնում Կրասնոդարը։ «Կուբան» ակումբի տնօրեն Սուրեն Մկրտչյանը Թվիթերի իր էջում հեգնել է. - «Հավանաբար կա տրամաբանություն, ըստ որի Ռուսաստանի ամենաֆուտբոլային քաղաքին զրկում են աշխարհի առաջնությունից։ Ես, սակայն, այն հասկանալ չեմ կարող։ Ցնցված եմ»։

Մոսկվայում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը անդրադարձել է այս դժգոհություններին. - «Բնականաբար բոլորը չեն կարող գոհ լինել, քանի որ կա ցուցակ եւ կա կոնկրետ թվաքանակ, որը ճիշտ եւ ճիշտ նման է ֆուտբոլին. մենք պետք է ընտրենք 11 խաղացողների, 11 քաղաքներ, իսկ նրանցից ոմանք ստիպված են սպասել պահեստայինների նստարանին», - ասել է նա:

ՖԻՖԱ-ի նախագահի խոսքով, Ռուսաստանը բավական արագ է պատրաստվում առաջնությանը` նույնիսկ առաջ անցնելով սահմանված ժամանակացույցից։ Բլատերն ընդգծել է, որ 2018 թվականի առաջնությունը մեծ իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է անցկացվում Եվրոպայի արեւելյան հատվածում։

Քաղաքների անունները հրապարակելիս` ուղիղ եթերում միացումներ են եղել տվյալ քաղաքների հետ, եւ շատերը խոստովանել են, որ դեռեւս պատրաստ չեն հյուրընկալելու խաղերը՝ խոստանալով, սակայն, մինչեւ 2018-ը ավարտել մարզադաշտերի կառուցումը։ Ռուսաստանի իշխանությունների այս հանձնառությունը արժենալու է մոտ 19 միլիարդ դոլար, մինչդեռ երկու տարի առաջ այն ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինը երկու անգամ ավելի պակաս ծախսերի մասին էր խոսում։

19 միլիարդի գրեթե կեսը՝ 40 տոկոսը ծախսվելու է նոր մարզադաշտերի կառուցման եւ հների վերանորոգման համար։ Ծախսերի առյուծի բաժինը կկազմեն նոր հյուրանոցների կառուցումն ու տրանսպորտային ենթակառույցների ստեղծումը։ Ըստ մասնագետների, մայրաքաղաքից հեռու մի քանի քաղաքներում, որտեղ կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ, այս ենթակառուցվածքները պետք է զրոյից ստեղծվեն, այդ թվում` օդանավակայաններ, ավտոճանապարհներ եւ այլն։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018 թվականի առաջնությունը համաշխարհային խոշոր երկրորդ մարզական միջոցառումն է, որը կանցկացվի Ռուսաստանում: Երկու տարի անց Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիադան Ռուսաստանին կարժենա մոտ 21 միլիարդ դոլար։

Միջազգային մամուլը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանին բնորոշ մեկ այլ խնդրի վրա, որ կարող է ստվերել աշխարհի առաջնության անցկացումը, խոսքը ռուս ֆուտբոլասերների ագրեսիվ վարքի, ինչպես նաեւ այս երկրում առկա որոշ ռասիստական տրամադրությունների մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG