Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը ներկայացրեց Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր խորհրդարանում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը:

«ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012 թվականի մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելը)», - նշեց Աղվան Հովսեփյանը:

Նա մանրամասնորեն ներկայացրեց դեռ 2010 թվականի ամռանը սկսված եւ մի քանի ամիս տեւած գործարքները` եզրափակելով. - «Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար»:

«Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝ միջնորդում եմ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) հարցին, թե արդյոք Օսկանյանի յուրացրած գումարները տրամադրած կողմը (տվյալ դեպքում Հանթսմանները) բողոք ներկայացրե՞լ է, Աղվան Հովսեփյանը արձագանքեց, թե քննչական մարմինը պաշտպանում է Սիվիթաս հիմնադրամի «նյութական շահերը». - «Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե Սիվիլիթաս հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը ինչ մտերմական հարաբերությունների մեջ է գտնվում կամ չի գտնվում Վարդան Օսկանյանի հետ: Նրանք առնվազն կարող են քաղաքացիական հայց չներկայացնել, բայց դա չի բացառում քրեական պատասխանատվությունը»:

Նա նաեւ պարզաբանեց, որ ֆինանսական դիտարկումների կենտրոնը հետեւում է երկրում ֆինանսական հոսքերին. 20 միլիոն դրամից ավելի` եթե դա կապված չէ անշարժ գույքի օտարման հետ, եւ 50 միլիոն դրամից` եթե կա անշարժ գույքի օտարում: - «Եվ քանի որ այդ գումարները, որոնք փոխանցվել են Վարդան Օսկանյանի հաշվեհամարին, գերազանցել են 20 միլիոն դրամը, բնականաբար, այդ շարժով զբաղվել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը, հետագայում` Ազգային անվտանգության օպերատիվ ծառայությունը, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Նրանք պարտավոր են դա անելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG