Մատչելիության հղումներ

Երկուշաբթի առավոտյան մի քանի տասնյակ քաղաքացիներ ցույց էին կազմակերպել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ` ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի:

Ցույցին մասնակցում էին «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «Civilnet»-ի ներկայացուցիչները, նաեւ մի խումբ պատանիներ ու երիտասարդներ, ովքեր պնդեցին, թե կուսակցական որեւէ պատկանելություն չունեն եւ ներկայացան որպես «Նոր սերունդ» երիտասարդական շարժման անդամներ: Նկատենք սակայն, որ երիտասարդները Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքից ներս մտնող ԲՀԿ-ական պատգամավորներին դիմավորում էին ծափերով, իսկ Հանրապետականներին` սուլոցներով: Նրանք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկելով:

Ցուցարարները բազմաթիվ պաստառներ էին պարզել, որոնցից մեկի վրա գրված էր` «Մի' թող, որ ձայնդ կտրեն, ժողովուրդ»: Ցուցապաստառի վրա պատկերված ժողովրդին մարմնավորող երիտասարդի բերանը փակված է իշխող ՀՀԿ-ի խորհրդանշանով:

Մեկ այլ ցուցապաստառի վրա էլ գրված էր «Ժողովուրդը Ծառուկյանի հետ է»: Պաստառը պարզած երիտասարդը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ճնշումների է ենթարկվում նաեւ Գագիկ Ծառուկյանը, ասաց. - «Էդ հարցով ուրիշին դիմեք»:

Ցույցին մասնակցում էր նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այսօր Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթաս»-ի դեմ իրականացվում է հստակ քաղաքական գործունեություն եւ դրան հակառակ պետք է լինի քաղաքացիական արձագանք:

«Ուզում եմ հավատալ, որ Աղվան Հովսեփյանը կներկայացնի իր պահանջները, եւ խորհրդարանում կլինեն բավական ազնիվ, սրտացավ, հասկացող, խելոք մարդիկ... նույնիսկ եթե իրենց նպատակը ինչ-ինչ քաղաքական պատճառներով «Սիվիլիթաս»-ին կամ Վարդան Օսկանյանին պատժելն է, այսպիսի պատիժը ավելի շատ Հայաստանի Հանրապետության վարկին է խփելու: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ավտորիտար երկիր չի համարվում, որովհետեւ կան «Սիվիլիթաս»-ի նման կազմակերպություններ», - ասաց Ղազարյանը:

Ցույցին մասնակցում էր նաեւ արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչ Քրիստինե Շիրինյանը: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կարծում է, որ Հայաստանում պետք է աշխատի օրենքի իշխանությունը:

«Մենք այստեղ ենք 12 տարի եւ հավատում ենք, որ դա կարող է իրականություն դառնալ: Մենք աշխատեցնում ենք օդակայանը, գինի ենք արտադրում, մենք շատ այլ բաներով ենք զբաղվում եւ կարծում ենք, որ պետք է լինի օրենքի իշխանություն Հայաստանում: Կարծում եմ այժմ օրենքի գերակայությունը պատշաճ չի աշխատում», - ասաց նա:

Ցույցին մասնակցում էր նաեւ Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը:

ԱԺ շենքի առջեւ կազմակերպված ցույցից բացի այսօր ուղարկած նամակներով «Սիվիլիթաս»-ին եւ Օսկանյանին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011 թվականի սկզբին Ջոն Հանթսմանի հիմնադրամը «Սիվիլիթաս»-ի միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012 թվականին քաղաքականություն վերադարձավ», - գրել է Սերժ Թանկյանը:

Ռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ գրել է, որ ցնցված եւ վրդովված է Օսկանյանին ներկայացված մեղադրանքներից:

«Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար», - գրել է Էգոյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG