Մատչելիության հղումներ

logo-print
«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Գլխավոր դատախազի` Վարդան Օսկանյանին («Բարգավաճ Հայաստան») պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու մասին միջնորդագրին եւ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու այդ հարցով կայանալիք քվեարկությանը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը փաստարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նախկին արտգործնախարար Օսկանյանի դեմ ձեռնարկվող գործողությունները կրում են «քաղաքական եւ նախընտրական բնույթ», հետեւաբար միջնորդագիրը պետք է մերժվի:

Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք, այնուամենայնիվ, կարծում են, որ Օսկանյանը հանրության առջեւ պետք է պատասխան տա ինչպես «իր անցած ուղեգծի», այնպես էլ «իրեն ներկայացվող վերջին ամբաստանությունների» համար:

Նրա խոսքով` Օսկանյանը դեռ քաղաքական եւ բարոյական պատասխան պետք է տա դիվանագիտական օրակարգ Մեղրիի տարբերակը բերելու, Մադրիդյան սկզբունքներն ընդունելու, Մարտի 1-ի առնչությամբ արած հայտարարությունների, ինչպես նաեւ «նախկինում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացված բազմաթիվ հալածանքների հանդեպ անտարբերություն ցուցաբերելու համար»:

Այս ամենով հանդերձ, ինչպես ասաց Հովհաննիսյանը, օրենքը չի կարող կիրառվել ընտրողաբար. - «Կա'մ բոլորը պետք է զրկվեն անձեռնմխելությունից, կա'մ ոչ մեկը: Այսօրվա եւ բոլոր նախագահները եւ իրենց աշխատակազմերը, այսօրվա եւ բոլոր վարչապետները եւ իրենց աշխատակազմերը եւ նախարարները, այսօրվա եւ բոլոր Ազգային ժողովի նախագահները եւ պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից: Կամ ոչ մեկը»:

Նրա համոզմամբ` դատախազն ինքը պետք է պատասխանի «իր չարաշահումների եւ հետագծի համար», թող բոլոր պաշտոնատարները պատասխան տան հարցին, թե վերջին ընտրությունների ժամանակ «հարյուր միլիոնավոր հակասահմանադրական դոլարների շրջանառումն ու ժողովրդին մեղսակից դարձնելը ո՞վ հրահանգեց». - «Ո՞վ բաժնեց, ո՞ր կուսակցություններից, ո՞ր շտաբի պետերն էին, ո՞ր պաշտոնյաներն էին: Թող իրենք ժողովրդին ասեն»:

«Ժառանգության» առաջնորդի կարծիքով, եթե Վարդան Օսկանյանը դրամական խախտում է արել, սխալ է թույլ տվել, թող վարչական հարթության մեջ հատուցի այդ սխալի համար, բայց պետք չէ նրան քավության նոխազ, նախընտրական զոհ կամ հերոս դարձնել. - «Որովհետեւ պետության բուն խնդիրը, արատը, սխալը ուրիշ տեղ է»:

Հովհաննիսյանը նաեւ այլ տրամաբանության մեջ է տեսնում նախագահ Սարգսյանի` վերջին շրջանում հաճախակի դարձած խորհրդակցությունները, որոնց ընթացքում նախագահը գործադիր իշխանության պատասխանատուներին սուր քննադատության է ենթարկում պետական կառավարման տարբեր ոլորտներում տեղ գտած լուրջ չարաշահումների համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այդ ամենի մեջ չկա նաեւ կոռուպցիան հաղթահարելու անկեղծ ցանկություն, «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց. - «Արդեն ասել եմ` նաեւ հղում անելով իր հեռուստատեսային վերջին հանդիմանանքին, որ ողջունելի է, բայց խիստ ընտրովի է եւ խիստ ուշացած: Ես կարծում եմ, որ ընդգծված ձեւով նախընտրական մոտեցում է: Այս ամեն ինչը ակնհայտ էր չորս տարի առաջ»:

«ժառանգության» առաջնորդը այսօր մի ուշագրավ բացահայտում արեց` հայտարարելով, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար:

«Ինձ մի փոքր զարմացնում է այն, որ դա տեղի չունեցավ», - ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Իր վերադարձից հետո ես այդ եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ կլսեմ իր պատասխանները, եւ մի քանի շաբաթ անց` այս ամսվա ընթացքում դուք կստանաք վերջնական պատասխանը թե' այդ, թե' իմ թեկնածության վերաբերյալ»:

«Ժառանգության» առաջնորդը կենսականորեն անհրաժեշտ է համարում առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական եւ քաղաքացիական բոլոր ուժերի աննախադեպ համախմբումը: Նա էական չի համարում, թե ով կառաջադրվի որպես նախագահի թեկնածու` «Ժառանգությա՞ն», թե՞ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ, եւ պատրաստ է սատարել ցանկացած «արժանավոր գործչի» թեկնածությունը:

Հարցին, թե հնարավոր է, որ իբրեւ ընդդիմության միասնական թեկնածուի սատարեն Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. - «Քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել, բայց միաժամանակ հետեւելով քաղաքական դաշտի իրադարձություններին, դուք գիտեք, որ անձամբ ես եւ «Ժառանգություն»-ը կողմնակից ենք նոր լուծումների: Մենք համարում ենք, որ Հայաստանին պետք է նոր այլընտրանք, նոր թեկնածություն»:
XS
SM
MD
LG