Մատչելիության հղումներ

Քվեարկությունը Վրաստանում շարունակվում է


Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2012թ.
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2012թ.

Քվեարկության մեկնարկը նշանավորվեց նոր աղմկալի սկանդալով:

Քվեարկությունը Վրաստանում շարունակվում է: Կեսօրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն` երկրի տարածքում բացված 3 հազար 600 տեղամասեր է այցելել ընտրողների 25 տոկոսը:

Քվեարկության մեկնարկը, սակայն, նշանավորվեց նոր աղմկալի սկանդալով: Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Կախեթիայի գյուղերից մեկում զոհվել է ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի ակտիվիստներից մեկի 10 ամսական դուստրը` Բարբարա Ռաֆալյանցը: Երեխան անհետացել էր, իսկ որոշ ժամանակ անց նրա մարմինը հայտնաբերել էին ծնողների տան բակում գտնվող գինու կարասում: Գյուղացիները պնդում են, որ զոհված երեխայի ընդդիմադիր ծնողները իշխող կուսակցության աջակիցների կողմից վերջին օրերին սպառնալիքներ էին ստանում: Վրացական իշխանությունները, սակայն, կոչ են անում չքաղաքականացնել ողբերգությունը, իսկ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի խոսնակը հայտարարեց, թե իրենք առայժմ զերծ կմնան տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալուց:

Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա նախագահ Սահակաշվիլին Թբիլիսիի կենտրոնում գտնվող տեղամաս եկավ վաղ առավոտյան: Քվեարկությունից հետո Վրաստանի նախագահը հայտարարում էր. - «Շատ հարցեր են այսօր որոշվում` նախեւառաջ այս աշխարհամասում եվրոպական երազանքի, ժողովրդավարության, բարեփոխումների ճակատագիրը»:

Ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր չքվեարկեց,քանի որ անցած տարի նախագահի հրամանագրով նրան զրկել էին վրացական քաղաքացիությունից: Նա, սակայն, ընտրատեղամաս եկավ իր կնոջ հետ, որի քվեարկությունից հետո խոսեց լրագրողների հետ: «Կարծում եմ, որ այսօր իրոք պատմական օր է Վրաստանի համար: Առաջին անգամ Վրաստանի ողջ պատմության ընթացքում մենք հնարավորություն ունենք քիչ թե շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել», - հայտարարեց Իվանիշվիլին։

Ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքները կսկսեն ամփոփել Երեւանի ժամանակով ժամը 20-ից հետո, երբ փակվեն բոլոր տեղամասերը: Դրան զուգահեռ կհրապարակվեն exit poll-երի արդյունքները։ Դրանց հրապարակմանը ընդիմության հազարավոր կողմնակիցներ կսպասեն Թբիլիսիի կենտրոնում `Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG