Մատչելիության հղումներ

Դավութօղլուն եւ Մամեդյարովը ՄԱԿ-ում խոսել են Ղարաբաղի մասին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, արխիվային լուսանկար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, արխիվային լուսանկար

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ են ունեցել սեպտեմբերի 28-ին։

Անցած ուրբաթ օրը Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարներ Ահմեթ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճի ելույթներում խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Երկուսն էլ, բնականաբար, շեշտը դրել են տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

«Մենք անհրաժեշտ ենք համարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, որը պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը եւ ավելացրել, որ «անցած երկու տասնամյակում ոչ մի առաջընթաց այդ հարցում չի եղել»։

Էլմար Մամեդյարովի ուրբաթօրյա ելույթը Ղարաբաղի մասով չի տարբերվել Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններում Ադրբեջանի ներկայացուցիչների անցած տարիների ուղերձներից։

Ադրբեջանի արտգործնախարարը նորից խոսել է իր երկրի տարածքի «20 տոկոսի օկուպացիայի», «մեկ միլիոնից ավելի փախստականների» եւ «հայերի կողմից ոչնչացված ադրբեջանական մշակութային ժառանգության» մասին։

«Հայաստանը վերջապես պետք է ըմբռնի, որ հարեւան ազգերի եւ երկրների հանդեպ պատմական, մշակութային, ռասայական, կրոնական եւ տարածքային ոտնձգությունների, թշնամանքի եւ ատելության նախապաշարմունքի վրա հիմնված անպատասխանատու եւ սադրիչ քաղաքականությունը հաջողության հնարավորություն չունի։ Որքան վաղ Հայաստանը դա հասկանա, այնքան ավելի արագ մեր երկրները կկարողանան հասնել փոխըմբռնման, խաղաղության, կայունության եւ համագործակցության», - հայտարարել է Մամեդյարովը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG