Մատչելիության հղումներ

Նյու Յորքում նշվել է «Հայաստան» հիմնադրամի 20-ամյակը


Շաբաթ օրը Նյու Յորքի «Գոթհամ-հոլ» հեղինակավոր սրահում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էին հիմնադրամի աշխատանքներին երկու տասնամյակների ընթացքում իրենց աջակցությունը բերած՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափում բնակվող շուրջ 300 ամերիկահայեր:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիսավոր երեկոն վարել է ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Գերագոսը:

Միջոցառման հիմնական բանախոսն էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում, մասնավորապես, ասել է. - «Հայաստանը հավաքական իմաստով միակ տունն է հայ ժողովրդի։ Ես հաճախ ասում եմ, որ հայերը, աշխարհի տարբեր անկյուններում հիմնելով իրենց օջախները, ստեղծել են հարյուրավոր փոքրիկ Հայաստաններ, եւ դա իրոք այդպես է: Սակայն այսօր հայ ժողովրդի միակ ընդհանուր սեփական տունը կոչվում է Հայաստան»։

«Օտարները հետեւում են` ինչպիսի տուն են կառուցում հայերը։ Նրանց մեջ շատ-շատերը՝ համարյա բոլորը, բարեկամներ են, բայց պատահում են նաեւ չարակամներ։ Շատ չեն նրանք, չեմ կարծում, որ երկուսից ավել: Մեր հարեւան պետություններից մեկի ղեկավարը` քնի մեջ հային կացնահարած մարդասպանին ազգային հերոս հռչակելիս չի ցանկանում, որ մեր տունն ամուր լինի։ Հայոց սփյուռքը, ընդհանրապես հայությունը թիվ մեկ թշնամի որակելիս հանդգնում է կասկածի տակ դնել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ապահովությունը։ Մեր հարեւան պետություններից մյուսի ղեկավարը` Հայաստանը շրջափակելիս չի ցանկանում, որ հայերն իրենց տանն ապրեն բարեկեցիկ ու ապահով», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

«Քսան տարի առաջ, երբ մեր պետությունը, անկախության վերականգնումից հետո, իր առաջին քայլերն էր կատարում պետական եւ ազգային կառույցներ հիմնելու գործում, երբ երկրաշարժի պատճառած վերքերը դեռ չէին ապաքինվել, երբ մեր հայրենակիցներին Արցախում ոչնչացման վտանգ էր սպառնում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին շրջափակում էր պարտադրված, այդ պայմաններում հիմնվեց համահայկական մի կառույց, որն անմիջապես կանգնեց Հայաստանի ու Արցախի կողքին», - ասել է Նալբանդյանը` շարունակելով. - «Եթե Հիմնադրամի առաջին մեծ ծրագիրը «Ձմեռ» ծրագիրն էր, որը նպատակ ուներ հոգալ Հայաստանի բնակչության կարիքները մեր անկախության առաջին տարիների ծայրահեղ բարդ պայմաններում, հիմնադրամի հետագա գործունեությունը նվիրված էր ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին»։

«Մեր անվտանգության եւ կայուն զարգացման համար այդքան կարեւոր առաջին ծրագրերից մեկը Հայաստանը Արցախին կապող Գորիս - Ստեփանակերտ մայրուղին էր, որն անվանում են «կյանքի ճանապարհ»: Դրան շուտով հետեւեց «Հյուսիս-Հարավ» մայրուղին, որը ողնաշարային կապ է ապահովում Արցախի քաղաքների ու գյուղերի միջեւ։ 500 կիլոմետր ճանապարհները, 300 կիլոմետր ջրատար համակարգերը եւ 150 կիլոմետր գազատարները նշանակալի կերպով բարելավել են Հայաստանի եւ Արցախի կենսապայմանները եւ անգնահատելի խթան են հանդիսացել մեր Հայրենիքի զարգացման համար։ Ավելի քանի 200 դպրոցները եւ մանկապարտեզները, հարյուրավոր առողջապահական, սպորտային եւ մշակութային կենտրոնները կծառայեն ներկա եւ ապագա սերունդներին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

«Հիմնադրամը դարձել է յուրօրինակ համազգային կառույց, միավորելով ամբողջ աշխարհի հայերին եւ մեծապես նպաստելով Հայաստան - Արցախ - Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Հիմնադրամն իր ծավալուն գործունեությամբ դարձել է մեր նպատակների իրականացման համազգային առաքելություն», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG