Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է արաբական երկրների ԱԳ նախարարներին


Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիբանանի, Հորդանանի եւ Սիրիայի արտգործնախարարների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվել են Հայաստանի նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում երկկողմ գործակցությանը, մտքեր են փոխանակվել Միջին Արեւելքում ընթացող զարգացումների շուրջ:

Նալբանդյանի եւ Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Այս առումով կարեւորվել է Ամմանում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը եւ Հայաստանի պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները: Նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաեւ մշակութային ոլորտում գործակցության ակտիվացման համար:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ:

Սիրիայի արտգործնախարարը ներկայացրել է երկրում վերջին զարգացումները եւ մոտեցումները ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող բախումների եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում` սիրիահայությունը: Նալբանդյանը շեշտել է, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման եւ բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող քաղաքական երկխոսության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG