Մատչելիության հղումներ

Օբամա՞, թե՞ Ռոմնի.ԱՄՆ հայությունը դեռ չի կողմնորոշվել


ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բարաք Օբամա եւ Միթ Ռոմնի
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բարաք Օբամա եւ Միթ Ռոմնի

«Այս ընտրություններին ամերիկահայությունը փոքր-ինչ զարմանալի կացության մեջ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանը։

Թեեւ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, այնուհանդերձ, ամերիկահայության մեծամասնությունը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել` քվեարկել գործող նախագահ Բարաք Օբամայի՞, թե՞ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի օգտին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց California Courier պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Այս ընտրություններին ամերիկահայությունը փոքր-ինչ զարմանալի կացության մեջ է: Երկու թեկնածու կա` մեկը իշխող նախագահ Օբաման է, որ չորս տարի առաջ խոստացավ, թե կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ խոստումն այդպես էլ չկատարեց: Ամերիկահայության մեծամասնությունը հուսախաբ է եւ հավանաբար քվե չտա Օբամայի վերընտրությանը: Ինչ վերաբերում է Միթ Ռոմնիին, ապա նա ոչ նման խոստում է տվել եւ ոչ էլ հանդիպել է հայ համայնքի հետ: Նա հայ համայնքի հետ կապ չունի, եւ համայնքը պատճառ չունի նրան քվե տալու: Անորոշ մի վիճակ է այսպիսով տիրում, չնայած նրան, որ ընտրությունները մոտ 40 օր հետո են», - նշեց Սասունյանը:

Բայցեւայնպես, ամերիկահայության ուշադրությունը գրավելու որոշակի փորձեր ամերիկյան քաղաքական շրջանակներն իրագործում են: Ընտրություններից մի քանի օր առաջ օրինակ` հոկտեմբերի 28-ին, Լոս Անջելեսում ամերիկահայության ներկայացուցիչների հետ է հանդիպելու Բարաք Օբամայի ամենաբարձրաստիճան կուսակիցներից մեկը` Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար, Նեւադայից ընտրված Հարի Ռիդը: Թեեւ հանդիպման բուն առիթը կապ չունի նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունների հետ, այնուհանդերձ, Հարութ Սասունյանը չի բացառում, որ դեմոկրատ սենատորն անդրադառնա նաեւ այս խնդրին:

«Սենատոր Ռիդը ներկա է լինելու Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթին: Նրան նաեւ շնորհվելու է Հայ դատի [հանձնախմբի] բարձրագույն պարգեւը` «Ազատության մրցանակը»: Հարի Ռիդը նաեւ գլխավոր ելույթ պետք է ունենա` ներկայացնելով իր տեսակետները ամերիկյան եւ հայկական խնդիրների շուրջ», - նշում է Սասունյանը` հատուկ ընդգծելով, որ սա բացառիկ դեպք է:

«Տասնյակ տարիներ շարունակ աշխատելով Կոնգրեսում` Ռիդը երբեք նման մեծ հայկական ձեռնարկի չի մասնակցել: Հարկ է նաեւ նկատել, որ նա ընդունեց այս հրավերը` չնայած այն փաստին, որ միջոցառումը կայանալու է նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, եւ այդ օրերին սենատոր Ռիդը բազմազբաղ է լինելու` որպես գլխավոր դեմոկրատ օգնելով նախագահ Օբամային ընտրության հարցերում», - ընդգծում է Սասունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG