Մատչելիության հղումներ

Ընտրություններ` դեկտեմբերի 2-ին


Երեւանի Ավան վարչական շրջանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասը ընդգրկող թիվ 1, ինչպես նաեւ Շիրակի մարզի կենտրոնական հատվածը ընդգրկող թիվ 35 ընտրատարածքներում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով նոր ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին:

Այսօր իր արտահերթ նիստում նման որոշում կայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք` մայիսյան խորհրդարանական ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթեց իշխող Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը, ով, սակայն, իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի ողբերգական միջադեպից հետո վայր դրեց պատգամավորական մանդատը:

Իսկ ինչ վերաբերում է թիվ 35-ին, ապա այդ ընտրատարածքի համար նախատեսաված մեծամասնական պատգամավորական աթոռը ազատվեց այն բանից հետո, երբ մայիսին թիվ 35-ում հաղթած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 9-ին ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր նաեւ տեղեկացրեց, որ պատգամավորի թեկնածուները կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել հոկտեմբերի 8-18-ը:

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ՀՀԿ-ն անպայման առաջադրելու է իր թեկնածուներին երկու ընտրատարածքներում էլ, սակայն անուններ չտվեց։ Բայց երբ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում Հանրապետականը, այնուամենայնիվ, պաշտպանի հայտնի գործարար, հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկի` «Սովռանո»-ի հիմնադիր ու տնօրեն Արման Սահակյանի թեկնածությունը, Ազգային ժողովի փոխնախագահն իր անձնական կարծիքը հայտնեց․ - «Արման Սահակյանը մեր կուսակից ընկերն է, եւ չեմ բացառում, չնայած պաշտոնական դիրքորոշում դեռ չունենք»։

Հավելենք, որ Արման Սահակյանը, ով մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին հավաքելով մոտ 14 հազար ձայն` պարտվեց Գյումրի քաղաքը ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում, արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, թե առաջադրելու է իր թեկնածությունը թիվ 35 ընտրատարածքում:

Թիվ 1 ընտրատարածքի մասով՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով մայիսին այդ ընտրատարածքում մրցում էր Ռուբեն Հայրապետյանի հետ, դեռ ամռանը հայտարարեց, թե կրկին առաջադրելու է իր թեկնածությունը թիվ 1-ում:

«Մտադրությունը մնում է ուժի մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սաֆարյանը։

Այսօր դիմեցինք նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսկացության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին, թե թեկնածուներ առաջադրելո՞ւ են պատգամավորական ազատված աթոռների համար։ Երկուսից էլ պատասխան ստացվեց, որ դեռ քննարկելու են այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG