Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 29-ի մամուլ


Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալման առնչությամբ «Ժամանակ»-ը գրում է․ - «Հարց է առաջանում, թե ինչու այսքան ժամանակ նրան չէին ձերբակալում: Երեւի թե Խաչիկյանին պահել էին նախընտրական շոուի համար, առավել եւս, որ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հատուկ նշեց Խաչիկյանի անունը` սպառնալով, թե պետական բյուջեի միջոցների ծախսը պետք է վերահսկվի խստագույնս, եթե պաշտոնյաները չեն ուզում ընկնել Խաչիկյանի օրը: Այն ժամանակ Խաչիկյանը դեռ ընդամենը պաշտոնաթող էր, իսկ այսօր արդեն ձերբակալված է: Նույն խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին հրահանգել էր բռնել «գլխից»՝ մեծ ձկներին: Կասկած չկա, որ Խաչիկյանը, այն էլ պաշտոնաթող, մեծ ձուկ չէ: Հետեւաբար` պետք է սպասել, որ ձերբակալությունները շարունակվելու են եւ լինելու են նոր «գլուխներ»: Եվ այս կոնտեքստում հետաքրքրական է` իսկ ո՞վ է լինելու հաջորդ ձերբակալվածը, ո՞ր ոլորտից»։

«Հրապարակ» թերթում կարդում ենք․ - «Կառավարության հետ հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հիշեց Խաչիկյանին: Թե ինչն էր հիշելու պատճառը, պարզ չեղավ՝ ոչ խախտումներն էին նոր հայտնաբերվել, ոչ յուրացումների հետ կապված զայրույթն էր թարմ, ոչ էլ Խաչիկյանն էր նոր հանցանք գործել: Նիստից մոտ 2 շաբաթ անց Խաչիկյանը ձերբակալվեց: Երեկ ոմանք ուրախ էին, որ վերջապես արդարությունը հաղթանակեց: Սակայն ես ուրախանալու առիթ չեմ տեսնում: Սա խոսում է այն մասին, որ մեզանում ոչ թե օրենքն է գործում, այլ միապետի կամքը: Կամ՝ օրենքը գործում է այնքանով, որքանով չի հակասում միապետի կամքին: Այսինքն՝ եթե ուզում ենք, որ մեր երկիրը դառնա օրենքի երկիր, որ կարգուկանոն հաստատվի, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, պետք է աղոթենք, որ մեր միապետը լինի արդար, օրենքի ու օրինականության բարձր գիտակցումով: Լավատեղյակ՝ թե երկրում ինչ է կատարվում: Աշխատի 24 ժամ եւ բոլորի փոխարեն: Չունենա ֆավորիտներ»։

Պնդելով, որ պատգամավորական անձեռնմխելիությունը ցանկացած պարագայում արդարացված է, «Առավոտ»-ի խմբագիրը շարունակում է․ - «Այստեղ գործում է հայտնի իրավական սկզբունքը, համաձայն որի՝ ավելի լավ է պատժից խուսափեն 10 մեղավորներ, քան դատապարտվի մեկ անմեղ: Տվյալ դեպքում ավելի լավ է, որ, ասենք, Թոխմախի Մհերը կամ գեներալ Մանվելը պատգամավորական անձեռնմխելիություն ունենան, քան Վարդան Օսկանյանը չունենա: Վարդան Օսկանյանի գործունեությունը՝ մինչեւ ընդդիմադիր դառնալը, ինձ առանձնապես դուր չէր գալիս: Եթե նա այնքան համոզված ժողովրդավար էր, ապա ինչո՞ւ ձայն չէր հանում, երբ ընտրություններ էին կեղծվում, ընդդիմադիրներին բանտ էին գցում եւ խոշտանգում, «Ա1+» էին փակում: Կամ՝ ինչո՞ւ շտապեց աշխատանքից ազատել դիվանագետներին, որոնք շատ մեղմ եղանակով հայտարարել էին, որ 2008 թվականին ընտրությունները պետք է արդար անցկացնել: Արտաքին քաղաքականի մեջ էլ «Մեղրիի տարբերակը» ինձ պարզապես սարսափելի է թվում՝ լավ է, որ այն չիրականացավ: «Մարտի 1-ի» սպանդի եւ ընդդիմության բիրտ հետապնդումների համար նա, որպես թիմի անդամ, նույնպես պատասխանատվություն է կրում: Բայց դրանք պարոն Օսկանյանի քաղաքական մեղքերն են, որոնց համար նա պատասխանատու է հասարակության, բայց ոչ օրենքի առաջ»։

«Ժողովուրդ» թերթը զրուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ - «Երկար ժամանակ է՝ ՀՀ ոստիկանությունը «թիկնապահաթափ» է անում գործարարներին ու պատգամավորներին։ Բայց, այնուամենայնիվ, խոսվում է, որ կա ցուցակ, որում ներառված մարդիկ անձեռնմխելի են եւ կարող են շրջել թիկնապահներով։ Ովքե՞ր են նրանք»։ Պատասխան․ - «Անձեռնմխելի մարդկանց թեմայով նախագահն ուղղակի ասել է, որ գոյություն չունեն։ Չեմ բացառում, որ փողոցներում կտեսնեք թիկնապահներով մարդկանց։ Երեկ Մաշտոցի պողոտայով գնալիս տեսել եմ, օրինակ, Բենզին Ռուբեն, հետեւից 3 մեքենա գցած, ման է գալիս։ Բոլորն էլ արդեն գտնվում են այստեղ՝ ոստիկանությունում»։ Հարց․ - «Երեւանի փողոցներում այլեւս չե՞նք տեսնի թիկնապահներով շրջողների»։ Պատասխան․ - «Չեմ բացառում՝ կլինեն նման բաներ, բայց կամաց-կամաց վերացնում ենք երեւույթը։ Չեմ թողնելու, թույլ չեմ տալու։ Այսօր չի բռնվել, մի 10 օր հետո կբռնվի։ Վերջապես մենք ենք կարգուկանոն հաստատում։ Ամոթ է։ Համոզված եմ՝ իրենք էլ դա հետո կհասկանան։ Ես այդ մարտավարությունից չեմ հրաժարվում, եւ իրենց հրաժարվել կտամ այդ մոտեցումներից։ Ես սա անում եմ իմ զավակի համար։ Իմ պետությունն իմ զավակի վաղվա օրն է։ Հայն իմ երեխան է։ Պետությունն իմ երեխան է, ես պարտավոր եմ պահել։ Ես պատերազմ եմ գնացել՝ այս հողակտորը պահելու, իմ երեխայի ապագայի համար, որ լավ երկրում ապրի։ Ես ուզում եմ, որ վաղը իմ երեխան բանսարկու ոստիկանի կամ հաստավիզ թիկնապահի ձեռքը չընկնի։ Ես դա անելու եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG