Մատչելիության հղումներ

Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ելույթով հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Նա իր ելույթի մի զգալի մասը նվիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող զինված հակամարտությանը, որը, Մամեդյարովի խոսքով՝ «լուրջ վտանգ եւ մարտահրավեր է միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար»։

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ խաղաղությունը, կայունությունը եւ փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը այլընտրանք չունեն», - հայտարարել է Մամեդյարովը՝ շարունակելով․ - «Դրան հակառակ, հայկական կողմի փորձերը՝ սխալ մեկնաբանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, խոսում են Հայաստանի ղեկավարության իրական մտադրությունների մասին եւ բաց մարտահրավեր են հակամարտության կարգավորմանը եւ սպառնալիք՝ միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար»։

Էլմար Մամեդյարովը, փոխարենը, Հայաստանին է մեղադրել «անպատասխանատու եւ անընդունելի» պահվածքի մեջ, որը, ըստ նրա, էլ ավելի է բարդացնում հակամարտության կարգավորման գործընթացը։ Նրա պնդմամբ՝ «պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում Ադրբեջանի ժողովրդի դեմ ցեղասպանության ակտեր կատարած անձինք ոչ միայն անպատիժ են մնում, այլեւ նույնիսկ պաշտոնի բարձրացում, պատիվներ եւ հերոսի կոչում են ստանում Հայաստանում»։

Ապա Մամեդյարովը անդրադարձել է հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդական ջանքերին՝ նշելով, թե այն փաստը, որ իրավիճակը շարունակում է «այսքան երկար ժամանակ» չկարգավորված մնալ, չի խոսում խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուժի եւ արդյունավետության օգտին։

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Սպասվում է, որ Նալբանդյանը նաեւ միջազգային հեղինակավոր ամբիոնից կքննադատի Ադրբեջանի իշխանություններին մարդասպան Սաֆարովին փաստացի հերոսացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG