Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների դատավճռի բողոքարկումն ուղեկցվեց բողոքի պիկետով


Վերաքննիչ քրեական դատարանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների ազատազրկման դատավճռի բողոքարկումն ուրբաթ օրը ուղեկցվեց դատարանի շենքի դիմաց տասնյակ քաղաքացիների բողոքի պիկետով:

Ընդդիմադիրները պաստառներ պարզած պահանջում էին ազատ արձակել մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին, դադարեցնել այս տարվա հուլիսի 20-ին ազատազրկման դատապարտված մյուս երեք ակտիվիստների՝ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններին: Պիկետը, որը հսկում էին ոստիկանները, խաղաղ էր եւ անաղմուկ:

Զուգահեռ ընթացող դատական առաջին նիստում պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց վերաքննիչ բողոքը, որով Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ դատապարտված չորս երիտասարդները պահանջում են արդարացում: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը բավարար է համարում իրենց փաստարկները:

Վերաքննիչ բողոքում Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը եւ մյուս երեք ազատազրկման դատապարտվածները համոզմունք են հայտնում, որ առաջին ատյանի դատարանի վճիռը «քրեական օրենսգրքի սխալ կիրառման արդյունք է»: Մասնավորապես, դատարանը «ակնհայտորեն սխալ է կիրառել» իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու նորմը եւ հաշվի չի առնել, որ «իրենց նկատմամբ բռնությանն ի պատասխան են ամբաստանյալները դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության, ինչը ուղղակիորեն բացառում է նրանց գործողությունները հանցագործություն համարելը»:

Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին մեղսագրվող արարքին՝ ոստիկանի քիթը կոտրելուն, փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ Առաքելյանի պարանոցը սեղմած պահելու պայմաններում ոստիկանի քթին «գլխի հետեւի մասով հարվածելը դիտավորությամբ լինել չէր կարող», մինչդեռ դատարանը ջանք չի գործադրել արարքում դիտավորության առկայությունը պարզելու համար եւ Առաքելյանին դատապարտել է հիմնվելով ընդամենը ոստիկանների ցուցմունքների, «տուժողի մերկապարանոց կարծիքի վրա»:

«Փոքր ինչ օբյեկտիվ քննության արդյունքում տուժող ճանաչված ոստիկանը հաջողությամբ կհայտնվեր ամբաստանյալի աթոռին», - եզրակացրեց պաշտպանը:

Տիգրան Առաքելյանը եւս իր խոսքում բացառեց դիտավորյալ ոստիկանի քիթը կոտրելու դրվագը. - «Ես շատ լավ գիտեի, թե ինչ հետեւանք կարող է ունենալ նույնիսկ ոստիկանի համազգեստից բռնելը, ուր մնաց ոստիկանին թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը», - ասաց նա:

Չորս ակտիվիստներին վերագրվող խուլիգանության հոդվածի առնչությամբ էլ բողոքարկող կողմը հայտարարեց, որ դատարանը անտեսել է «նույն համատեքստում ոստիկանների վարքագիծը, նրանց կողմից բռնության գործադրումն ու ծառայական պարտականություններն անցնելը»:

Բողոքարկող կողմը անհրաժեշտ է համարում, որպեսզի Վերաքննիչ դատարանում հարցաքննվեն մի քանի առանցքային վկաներ: Նրանցից մեկը ամերիկահայ Նշե Մոդոյանն է, ով, ըստ փաստաբանի, հարցաքննության ժամանակ հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են ոստիկաններն ու ակտիվիստներն իրար քաշքշում, եւ ինչպես է ոստիկանը հարվածում երիտասարդներից մեկի երեսին: Սակայն նրա նախաքննական ցուցմունքը, որը գրի է առնել քննիչի կողմից, լրիվ փոխվել եւ խեղաթյուրվել է: Իսկ առաջին ատյանի դատարանը նրան չի հարցաքննել: Երկրորդ առանցքային վկան Շահեն Հարությունյանն է, ով 15 րոպե հեռախոսով տեսանկարահանել է Կարապի լճի մոտ կատարվածը, սակայն հետո պարզվել է, որ նրա հեռախոսը առեղծվածային պայմաններում կորել է:

Առաջին ատյանի դատարանի վճռով, հիշեցնենք, Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6, Արտակ կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերջին երեքի ազատության մեջ մնալը կախված է Վերաքննիչ, այնուհետեւ Վճռաբեկ դատարանի որոշումներից:

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք նա համարժեք է համարո՞ւմ նման պատիժը. - «Եթե դուք ուսումնասիրեք դատական պրակտիկան, կտեսնենք, որ 316-րդ հոդվածի 2-րդ մասը եւ համակցությամբ մի քանի այլ հոդվածների հետ նվազագույնին մոտ պատիժ է: Մասնավորապես, անընդհատ խոսվում է այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին հետապնդել են: Քրեական գործի նյութերը ցույց են տալիս, որ ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը եւ Արտակ Կարապետյանը, մոտեցել են ոստիկանների գործողություններին միջամտելու: Ինչո՞ւ եք դուք գնացել ոստիկանի գործողություններին միջամտելու եւ ո՞ր օրենքով: «Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ոստիկաններն իրավունք ունեն հիմնավոր կասկածանքի դեպքում բերման ենթարկելու եւ նաեւ անձնական խուզարկություն կատարելու: Թող ներկայացնեն իրենց միջամտման հիմնավորվածությունը»:

ՀԱԿ-ը իր հերթին հայտարարում է, որ եթե Վերաքննիչ դատարանը չբեկանի առաջին ատյանի դատարանի վճիռը, կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները երիտասարդներին ազատ արձակելու համար:

«Մենք խոստանում ենք բոլոր եվրոպական կառույցները օգտագործել, եթե հանկարծ իշխանությունը կգնա կոշտ դիրքորոշման, կոշտ քայլերի: Մեր նպատակը աղմուկ հանել չէ, մեր նպատակն այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չլինի, եւ ողջամիտ կոչով ես դիմում է իշխանություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
XS
SM
MD
LG