Մատչելիության հղումներ

«01-99» ֆիլմում Մհեր Մկրտչյանի կերտած հերոս Գարսեւանի արձանը Շառլ Ազնավուրի հրապարակում կոտրվել է սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան: Ոստիկանությանը այս առիթով հետաքննություն է սկսել, եւ դեռեւս հայտնի չէ՝ արձանը դիտավորյա՞լ են կոտրել, թե՞ ոչ:

Գարսեւանի արձանը օրեր առաջ էլ վնասվել էր. կոտվել էր արձանի մատը:

Քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղական Արթուր Սարուխանյանը հայտնում է, որ արձանը տեղադրելուց հետո կտեղադրվեն նաեւ տեսախցիկներ, որոնք կհսկեն երկու արձանները. - «Չեմ ուզում միտում տեսնել ու հավատալ, որ դիտավորյալ են արել: Երբ պոկվեց արձանի մատը, դա առիթ հանդիսացավ, որ քաղաքապետի կողմից լրացուցիչ հանձնարարական լինի արձանները եւ դրանց շրջակայքը վերահսկել տեսախցիկներով»:

Ազնավուրի հրապարակում գտնվող կրպակի աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չի նկատել, թե ինչպես է կոտրվել արձանը, բայց կարծում է, որ որեւէ մեկը փորձել է նստել գիպսե արձանի գրկին ու լուսանկարվել, ինչի պատճառով այն կոտվել է:

«Ձեռքի տակառիկը փուչ էր, մեկը հենվել է դրան ու կոտրվել է: Ես ամբողջ օրը այստեղ եմ, տեսնում եմ՝ մարդիկ ինչպես են նկարվում», - ասաց կրպակի վաճառողը:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այդ արձանը ավելի ճիշտ կլիներ բրոնզից ձուլել, եւ ավելացրեց, որ բրոնզը շատ ավելի թանկ արժե եւ ավելի երկար աշխատանք է պահանջում, եւ Երեւանի քաղաքապետրանը բրոնզից մարդաչափ արձան տեղադրելու համար ստիպված կլիներ վճարել 4-5 հազար ԱՄՆ դոլար:

«Ոնց կարելի է գործին այդպիսի թեթեւությումբ մոտենալ, Մհեր Մկրտչյանին եւ Չարենցին կարելի էր շատ լավ կերտել: Նախ չափն է փոքր, մարդիկ նստում են կողքին նկարվում եւ ավելի բարձրահասակ են լինում քան արձանը: Չարենցի նման բանաստեղծին կարելի էր ավելի զորեղ կերտել, ավելի ազատ, ավելի արտահայտիչ», - ասաց քանդակագործը:

Ֆիլմերի կադրերը արձանի վերածելու գաղափարը քանդակագործին հաջող չի թվում, նա ավելի ուրախ կլիներ տեսնել Մհեր Մկրտչյանի, ոչ թե Գարսեւանի արձանը Երեւանում:

Քաղաքապետարանի սկսած նախագիծը, մինչդեռ, շարունակական է լինելու, մինչեւ հոկտեմբերի 14-ը քաղաքում կհայտնվեն նաեւ Մինաս Ավետիսյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ եւս 5 այլ մեծանուն հայերի արձաններ:
XS
SM
MD
LG