Մատչելիության հղումներ

«Արդարադատության արդյունավետությունը չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից»


Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, դատարանների ծանրաբեռնվածության եւ ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջին ատյանի դատարաններում գործերի` ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող մի շարք պատճառներ, ինչպիսիք են մասնավորապես դատարանների ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը` կապված տարածքային ընդհատության հետ, ինչպես նաեւ նույն դատարանի դատավորների միջեւ գործերի ոչ համաչափ բաշխվածությունը:

Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանն առանձնակի ուշադրություն է դարձրել նախորդ խորհրդակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման կապակցությամբ տրված հանձնարարականների կատարմանը եւ դատարանների բնականոն գործունեության ապահովման առումով դրանց կարեւորությանը:

«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումով մոտեցումներ պարզապես անթույլատրելի են եւ աններելի», - ասել է նախագահը եւ շարունակել. - «Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող եւ չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի եւ անբարեխիղճ աշխատանքից: Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության եւ արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք եւ որեւէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու»:

Նախագահը խոսել է նաեւ դատարանների ծանրաբեռնվածության եւ գործերի արագ քննության մասին:

«Այս հարցին անդրադարձել ենք մեկ տարի առաջ, եւ այդ ժամանակ բացահայտվել էին այս առումով դատական համակարգում առկա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրներն ու տրվել էին դրանք վերացնելուն ուղղված հստակ հանձնարարականներ», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն եւ հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:

Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել, եւ դրանք շարունակում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածության վրա:

Նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ եւ մի շարք դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքներից ելնելով՝ ավելացնել դատավորների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG