Մատչելիության հղումներ

Այվազյանը կփորձի Նյու Յորքում վիճարկել «Գլոբալ գոլդ»-ի ապացույցները


Ֆեյսբուքյան ասուլիս. Վարդան Այվազյան
please wait

No media source currently available

0:00 1:09:22 0:00
Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի բանախոսը այսօր Ազգային ժողովի պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն էր:

Օգտատերերի հարցին, թե ինչպես է պնդում, որ «Գլոբալ գոլդ մայնինգ»-ը դիմի Հայաստանի դատարանին, եթե տվյալ ընկերության հետ կնքված պայմանագրում նշված է, որ կողմերի միջեւ վեճերը պետք է լուծվեն Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանում, Այվազյանն արձագանքեց. - «Ճիշտ է պնդել, ինքը ունի նմանատիպ պայմանագիր, բայց պարզապես հերթական իրավաբանական եւ իրավական խառնաշփոթն է… Ո՞ւմ հետ կնքել այդ պայմանագիրը: «Գլոբալ Գոլդը» այդ պայմանագիրը կնքել է «ՍՀԱ» կազմակերպության [հետ], եւ օգտվելով ինչ-ինչ ապացույցներից, որը շատ շուտով ես կփորձեմ նաեւ նյույորքյան դատարանում վիճարկել, Այվազյանին ճանաչել է թաքնված բաժնետեր, բաժնետերերին ուղղորդող»:

Սեպտեմբերի 6-ին, հիշեցնենք, Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության օգտին ավելի քան 37.5 միլիոն դոլար բռնագանձելու վերաբերյալ։ Ըստ դատարանի վճռում եղած նյութերի՝ 2006 թվականին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Արդյունքում ընկերությունը կորցրել էր հանքավայրի նկատմամբ հսկողությունը:

Այդ թեմայով հարցերը բազմաթիվ էին ու բազմաբովանդակ: Վարդան Այվազյանը բերեց իր հակափաստարկները եւ դիմեց «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությանը. - «Օրենք ես խախտել, դու կամաց խոսիր, դուք Հայաստանի Հանրապետության օրենքները ոչ մի անգամ չեք հարգել»:

Հարցին, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել Թեղուտի շահագործման վերաբերյալ գործարքը կնքելուն, եւ որքանով է այն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, Բնապահպանության նախկին նախարարը պատասխանեց, թե ինքը որեւէ հակաօրինական մասնակցություն չունի` հավելելով, թե Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծն ունի բնապահպանական խնդիր. - «Պետք է 25 տարվա շահագործման ընթացքում հատվի այն տարածքը, որը բնության հատուկ պահպանվող տարածք չէ: Սակայն միանշանակորեն կա պարտավորություն տվյալ կազմակերպության վրա, որ նախքան հատումները սկսելը նրանք պարտավոր են «Հայանտառ»-ի միջոցով ֆինանսավորում իրականացնել 2 հազար հեկտար անտառի վերականգնման եւ 2 հազար հեկտար անտառ հիմնելու համար: Եթե այս պարտավորությունները չեն կատարում, նրանց նախագիծը համարվում է առ ոչինչ»:

Պնդելով, որ անձամբ որեւէ բիզնես չունի` Այվազյանը ասաց. - - «Իմ ընտանիքին են պատկանում որոշակի առումով` 30-40 տոկոս բաժնետոմսեր Չարենցավանի գործիքաշինական գործարանի: Առքուվաճառքի բիզնեսներ չունեմ»:

Օգտատերերից մեկի հարցին, թե ինչ գումարներով է գնում խաղատներ, նա արձագանքեց, թե խաղատներում ո'չ շահում, ո'չ էլ տանուլ է տալիս, հիմնականում դիտորդի դերում է կամ մասնակցում է այնտեղ կազմակերպվող համերգներին:
XS
SM
MD
LG