Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանը հոգեբանորեն նաեւ ձերբակալվելուն է պատրաստ


Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում ուրբաթ օրը տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հավաքից հետո նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ինքը հոգեբանորեն նաեւ ձերբակալվելուն է պատրաստ:

«Տրամադրությունս շատ լավ է, որովհետեւ այս բոլորը անհիմն է, այնպես որ երկուշաբթի ամեն ինչ կասվի: Ես համոզված եմ, որ իմ գործընկեր պատգամավորները միանշանակորեն իրենց կարծիքը կասեն, իսկ մյուսները` յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի», - ասաց Օսկանյանը:

Իրեն ներկայացված մեղադրանքները Օսկանյանը անհիմն է համարում: Հիշեցնենք, նախօրեին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով` ստանալու խորհրդարանի համաձայնությունը Օսկանյանին փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու հարցում:

Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ տեղի ունեցածը որակել էր «քաղաքական պատվեր»` չներկայացնելով այլ մանրամասներ: ԲՀԿ ներկայացուցիչը, սակայն, այսօր էլ չհստակեցրեց, թե ով է այդ պատվերը իջեցրել:

«Դե, էդքանն էլ դուք մտածեք, էլի», - ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ անցկացված ԲՀԿ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը մոտ կես ժամ տեւեց, սակայն խմբակցությունը ինչպես երեկ, այսօր էլ չներկայացրեց գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ իր քաղաքական գնահատականը:

ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց խիստ որակումներ տալ Օսկանյանի անձի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը միայն ասաց, որ իրենց գնահատմամբ, Օսկանյանին ներկայացվող մեղադրանքները անհիմն են, ուստի ԲՀԿ-ում որոշել են երկուշաբթի օրը, երբ խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչականում քննվող գործով որպես մեղադրյալ ներգրավելու հարցը, խորհրդարանի բոլոր պատգամավորները բաժանել գործի իրավական մանրամասները:

Հարցը, թե ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ-ն, ի տարբերություն Օսկանյանի, քաղաքական որակումների չի տալիս, Ուրիխանյանը պատասխանեց. - «Երբ Ազգային ժողովում տեղի կունենա միջնորդությունը, դրանից հետո մեր գործողությունների եւ մեր արձագանքի մասին դուք կտեղեկանաք: Այս պահի դրությամբ այդքանը»:

Սակայն այսօր ավելի ուշ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը հայտարարություն տարածեց, որում տեղի ունեցածը որակեց քաղաքական հետապնդում ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ նաեւ կուսակցության նկատմամբ:

«ԲՀԿ-ն գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: ԲՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը: Կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը», - ասված է ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարությունում։
XS
SM
MD
LG