Մատչելիության հղումներ

«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների համաձայն, հայ դեռահասները շատ են սիրում դպրոցը: Դպրոցը սիրելու ցուցանիշով եվրոպական այլ երկրների համեմատությամբ Հայաստանը գտնվում է առաջին տեղում:

«Հետազոտությունը ունի միջազգային բնույթ: Մենք հանդիսանում ենք միջազգային գիտական կոնսորցիումի մի հատված: Ներկայացնում ենք այնպիսի տվյալներ, որոնք թույլ են տալիս համեմատել մեր տվյալները այլ երկրների հասակակիցների տվյալների հետ», - ասում է «Արաբկիր» բժշկական համալիրին կից Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:

Հարցվող դեռահասների կեսը սկսել է ալկոհոլ օգտագործել 13 տարեկան հասակում:
Թմրանյութ երբեւիցե օգտագործելու մասին նշել է 15 տարեկան երեխաների 7 %-ը: 15 տարեկան երեխաների շրջանում ծխախոտ են փորձել աղջիկների 11 %-ը եւ տղաների 33 %-ը: Համեմատած այլ երկրների հետ` ցուցանիշը բարձր չէ: Հետազոտության արդյունքներն ունեցել են նաեւ բացասական կողմեր:

Միջազգային այս հետազոտությունն իրականացվում է 4 տարի պարբերականությամբ Եվրոպայի 49 երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում:

Այս հետազոտությունը իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում 11, 13, 15 տարեկան դեռահասների շրջանում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 2833 դպրոցական երեխա:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բավական տարածված են երեխաների նկատմամբ ընտանիքի մեծահասակ անդամների կողմից կիրառվող ֆիզիկական պատիժները: Ուսուցիչների կողմից բանավոր վիրավորանք ստանալու մասին ավելի շատ նշել են տղաները:

Հարցված 15 տարեկան տղաների 45 %-ը եւ աղջիկների 2 %-ը նշել է սեռական փորձի առկայության մասին: Տղաների համար այս ցուցանիշը եվրոպական տվյալներից բարձր է, իսկ աղջիկներինը` ավելի ցածր:

Բազմակի գանգատներ առողջության վերաբերյալ առկա է դպրոցականների 40 %-ի մոտ: Մեկ այլ հետաքրքիր փաստ եւս` դեռահասների 93 %-ը գոհ է իր արտաքին տեսքից, եւ կարծում է, որ գրավիչ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG