Մատչելիության հղումներ

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում ուրբաթ օրը ձերբակալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են` 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը` «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաեւ 314-րդ հոդվածը` «պաշտոնեական կեղծիքը»:

Ըստ Գլխավոր դատախազության կայքէջի տեղեկատվության, դատարանը բավարարել է Խաչիկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել են նաեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը, ով եւս մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, եւ կենսաթոշակների ապահովման վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, ով եւս մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քննվող քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 29 անձանց:

Անցած տարի, հիշեցնենք, Գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ կենսաթոշակային ոլորտում արձանագրված չարաշահումների կապակցությամբ Ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա:

Վազգեն Խաչիկյանը վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ավելի վաղ` 2010 թվականի դեկտեմբերին:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործից անջատվել եւ դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG