Մատչելիության հղումներ

Կոնգրեսականը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին


Հովարդ Բերման
Հովարդ Բերման
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հովարդ Բերմանը կոչ է արել Պետդեպարտամենտին արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին՝ ի պատասխան Ալիեւի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Բերմանի բավական կոշտ բովանդակությամբ նամակը տարածել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակում կոնգրեսականը նշել է Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խիստ արձագանքի մասին եւ միեւնույն ժամանակ հավելել. - «Իմ կարծիքով, սակայն, ներման այդ նողկալի բնույթը, ինչպես նաեւ համատեքստը, որում իրականացվել է այդ զարհուրելի հանցագործությունը, պահանջում են ավելին` ավելի խիստ եւ իմաստալից արձագանք»։

Հովարդ Բերմանը մատնանշել է կոնկրետ գործողություններ, որոնք Պետդեպարտամենտը կարող է իր վրա վերցնել, մասնավորապես, համատեղ բողոք արտահայտել Ալիեւեին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր միջոցառումներում, քանի դեռ Ադրբեջանի առաջնորդը չի հրաժարվել մարդասպանին ներելու եւ հերոսացնելու քայլերից, չի վերադարձրել նրան բանտ կամ էլ ետ չի հանձնել Հունգարիային՝ այնտեղ իր ցմահ բանտարկությունը կրելու։

Դեմոկրատ կոնգրեսականը հորդորել է Հիլարի Քլինթոնին անհապաղ կասեցնել ռազմական ամեն տեսակի օգնությունը, ինչպես նաեւ զենքի մատակարարումը Ադրբեջանին։

Հիշեցնենք` հայամետ կոնգրեսականը առաջիններից էր, ով արձագանքեց Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշմանը՝ որակելով այն լուրջ հարված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հույսերի վրա։

Սենատորը կոչ է անում Սաֆարովին բանտ վերադարձնել

Կոշտ բովանդակությամբ մեկ այլ նամակ էլ այսօր Միացյալ Նահանգներից Բաքու է ուղարկվել։ Կալիֆորնիացի սենատոր Բարբարա Բոքսերը, անձամբ Ադրբեջանի առաջնորդին դիմելով, գրել է թե, մարդասպանին ազատ արձակելը խորապես անհանգստացնող ու սադրիչ գործողություն է, որը ծառայեց միայն լարվածության բորբոքմանը եւ Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը վտանգելուն։ Սաֆարովի ներումը որակելով որպես օրենքի գերակայության բացահայտ անտեսում` Բոքսերը պահանջել է, որպեսզի Իլհամ Ալիեւը միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ՝ վերադարձնի հանցագործին բանտ, որտեղ նա պետք է լինի կատարած սարսափելի հանցագործության համար։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը իր նամակում առանձին տողով ընդգծել է, որ Ռամիլ Սաֆարովին հայրենիքում հերոսի պես ընդունելու որոշումը հրապարակավ անարգում է առավել հիմնարար սկզբունքներ արդարադատությունը եւ մարդու իրավունքները։

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի գնահատմամբ` այս նամակները ցույց են տալիս, որ ամերիկյան կառավարությունն իսկապես մտահոգված է մարդասպանին հերոսացնելու այս վերջին զարգացումներով:

«Սա շարունակական աշխատանք է, որը ցույց է տալիս, որ ամերիկյան կառավարությունը պետք է վերանայի ընդհանրապես իր տեսակետը Ադրբեջանի հանդեպ: Ինչպես Բերմանը ասաց` պետք է կանխվի ամեն տեսակի ռազմամթերքի վաճառք դեպի Ադրբեջան, բայց ավելին` պետք է տեսնենք այս քրեական հանցանք գործած անձի ազատ արձակումը որպես հիմնական ապացույց, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կառավարության տակ, որ Արցախի ժողովուրդը ինչպես պայքարել է տարիների ընթացքում ինքնորոշման համար, պետք է այդ իրավունքը ունենա` մասնակից դառնալով ներկայիս բանակցություններին, որպեսզի կարողանա իր ապագան որոշել», - ասաց Չուլջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG