Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանին պատասխանեց Հովիկ Աբրահամյանը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` ի պատասխան վերջինիս` Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին օրեր առաջ հասցեագրած նամակի։

Նշելով, որ «Ժառանգության» առաջնորդի նամակը նույն հարցերի շրջանակում նրա երկրորդ գրությունն է եւ էապես չի տարբերվում անցած տարվա նոյեմբերի 21-ի նամակից, Ազգային ժողովի նախագահը շարունակում է. - «Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական եւ անաչառ մոտեցումը եւ կարեւորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը: Միաժամանակ մենք անհրաժեշտ համարեցինք արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում եւ բացառեն առանձին երեւույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը»:

Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի բովանդակությունն ըստ էության չի փոխվել, սակայն, ըստ Հովիկ Աբրահամյանի, փոխվել է իրականությունը. - «Այն ժամանակ մենք պնդում էինք, որ հստակ օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական քայլերով գնալու ենք դեպի մեր նպատակը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կայուն պրակտիկան: Դրանից հետո մենք արդեն նոր ընտրական օրենսգրքի սահմանած խաղի կանոններով անցկացրեցինք խորհրդարանական ընտրությունները, որոնք ոգեւորիչ գնահատականների արժանացան: Այնուհետեւ, այդ ընտրություններում արձանագրված խնդիրների շտկումից հետո Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կրկին լուրջ առաջընթաց ապահովեցին»:

«Այս մեկ տարին ցույց տվեց, որ մենք էականորեն մեծ քայլերով ենք գնում դեպի մեր նպատակը: Այսինքն, իրականությունը հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ: Ավելին, մենք ունենք կամք եւ հստակ նպատակադրում գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու մեր բոլոր նվաճումները ընտրությունների կազմակերպման հարցում եւ ավելի առաջ գնալու», - գրել է Հանրապետականի փոխնախագահը իր նամակում, որը տարածել է կուսակցության գրասենյակը։

«Միեւնույն ժամանակ մենք կրկնում ենք մեր հորդորը, որ արդեն հնչեցրել ենք. հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն», - Րաֆֆի Հովհաննիսյանին գրել է Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով նաեւ, որ «միջազգային չափանիշներին հարիր ընտրությունների կազմակերպման համար միայն իշխանությունը չէ, որ անելիք ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG