Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր մեկնարկում է «Կինոաշուն» ծրագիրը


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյան

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյան

Համո Բեկնազարյանի «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ այսօր կսկսվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ արդեն 3-րդ անգամ անցկացվող «Կինոաշուն» ծրագիրը:

Դեռ անցյալ տարվանից ծրագրի շրջանակներում բացառապես հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ սկսել էին կազմակերպվել նաեւ մարզային որոշ բնակավայրերում:

Իսկ այս տարի ծրագրի մեկնարկը տրվում է Արմավիրի մարզում, եւ, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ընդգրկվելու են երկրի բոլոր մարզերը:

Ալավերդիում եւ Գավառում, բացի ֆիլմերի ցուցադրությունից, կանցկացվեն հանդիսավոր երեկոներ` նվիրված հայ կինոյի ականավոր վարպետներ Յուրի Երզնկյանի եւ Ֆրունզե Դովլաթյանի հոբելյաններին:

3-րդ «Կինոաշուն»-ը նվիրվում է Համո Բեկնազարյանի ծննդյան 120-ամյակին. տեղի կունենա նրա ստեղծագործական ժառանգությանը նվիրված գիտաժողով, «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվեն նրա նկարահանած բոլոր18 ֆիլմերը:

«Մենք փորձել ենք այս առիթը օգտագործել, գտել ենք նրա բոլոր ֆիլմերը Մոսկվայի եւ մյուս արխիվներից, նաեւ այն ֆիլմերը, որտեղ ինքը նկարահանվել է որպես դերասան: Հիմա այդ բոլոր ֆիլմերը թվայնացվում են «Հայֆիլմ»-ում, եւ դրանք հանրությանը կներկայացնենք «Նաիրի» կինոթատրոնում», - մանրամասներ Գեւորգյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքան գումար է ծախսվում շուրջ մեկ ամիս տեւողությամբ ծրագիրին իրականացնելու համար, Ազգային կինոկենտրոնի տնօրենը պատասխանեց, թե Մշակույթի նախարարությունը «իր մաքսիմալ կարողությունների չափով» տրամադրել է 4 միլիոն դրամ, ինչը նրա խոսքով, բավարար չէ. - «Բայց անկախ նրանից, հովանավորներ կլինեն, թե չեն լինի, մենք ծրագիրը ամբողջությամբ պիտի իրականացնենք»:

Հավելենք, որ ծրագրի շրջանակներում կինոցուցադրումներն անվճար են:
XS
SM
MD
LG