Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը վրացիներին կոչ է անում քվեարկել իշխող կուսակցության օգտին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսիում ընդունում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, 26-ը սեպտեմբերի, 2012թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսիում ընդունում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, 26-ը սեպտեմբերի, 2012թ.

«Վիկտոր Օրբանը Եվրոպայի ամենավառ քաղաքական աստղն է», - իր հերթին, հայտարարել է Վրաստանի նախագահը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի երեկոյան կողմ ժամանել է Քութայիսի` Միխեիլ Սահակաշվիլիի «Ազգային միացալ շարժում» կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչներին կոչ անելով հոկտեմբերի 1-ին քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին:

«Ես երախտապարտ եմ ձեզ, որ դուք ինձ հնարավորություն ընձեռեցիք ելույթ ունենալ այս հանրահավաքին: Ես հունգարացի ժողովրդի անունից իմ ողջույններն եմ հղում ազատատենչ վրաց ժողովրդին եւ կոչ եմ անում` մի տրվեք անցյալին վերադառնալու գայթակղությանը, վստահեք ձեր ղեկավարությանը: Վրաստանը աշխարհում, Եվրոպայում բազմաթիվ բարեկամներ ունի: Ես դա ասում եմ ձեզ ոչ միայն որպես Հունգարիայի վարչապետ, այլեւ որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ: Կեցցե Վրաստանը, կեցցե վրաց ժողովուրդը», - այսպես է ավարտել իր ելույթը Հունգարիայի վարչապետը հանրահավաքի մասնակիցների «Վիկտոր,Վիկտոր» վանկարկումների ներքո:

Հանրահավաքին ներկա Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է. - «Վիկտոր Օրբանը Եվրոպայի ամենավառ քաղաքական աստղն է: Ես այլ դեպք չեմ հիշում Վրաստանի պատմության մեջ, որ այս մակարդակի եվրոպացի քաղաքական առաջնորդը դիմի վրաց ժողվրդին, կոչ անի նրան հետ չկանգնել ընտրած ճանապարհից` ասելով, որ Վրաստանի ընտրությունը Եվրոպան է»:

Այսօր արդեն`քարոզարշավի նախավերջին օրը, քաղաքական հիմնական ուժերն իրենց հնարավորությունները կենտրոնացնում են մայրաքաղաքում։ Մոտ երկու ժամից Թբիլիսիի կենտրոնում կմեկնարկի իշխող Ազգային միացյալ շարժման հանրահավաքը: Վաղն արդեն «Վրացական երազանք»-ի կողմնակիցները կհավաքվեն Թբիլիսի Ազատության հրապարակում: Ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շտաբը խոստանում է, որ այդ ակցիան կդառնա ընդդիմադիրների քարոզարշավի բարձրակետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG