Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ


Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամում, արխիվ
Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամում, արխիվ
Իրավապահ մարմինները ցանկանում են նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավել Ազգային անվտանգության ծառայությունում այս պահին քննվող քրեական գործում:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ գլխավոր դատախազությունը Օսկանյանի խափանման միջոց ընտրելու հարցը չի բարձրացնում, ուղղակի այս փուլում քրեական գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Թե ո՞րն է դրա պատճառը, Տռուզյանն ասաց` Օսկանյանին գործում որպես մեղադրյալ ներգրավելը հնարավորություն կտա ապահովել գործի օբյեկտիվ եւ ամբողջական քննությունը: Տռուզյանն ասաց` Ազգային ժողովում կներկայացվեն, թե ինչ հիմքով են ցանկանում Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավել:

ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափով եկամուտներն օրինականացնելու քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին: Այս պահին Օսկանյանն այդ գործում որպես վկա է ներգրավված: ԱԱԾ-ն պնդում է, որ նրա հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամը փողեր է լվացել, Օսկանյանի եւ նույն հիմնադրամի խորհրդի հոգաբարձուների անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին փոխանցվել է 1 135 հազար դոլար, որը, ըստ ԱԱԾ-ի, խնդրահարույց գումար է:

Նախկին արտգործնախարարը եւ «Սիվիլիթաս»-ի ներկայացուցիչները բազմիցս պնդել են, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական այս գործը քաղաքական հետապնդում է:

Օսկանյանը նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչ է, իսկ այդ կուսակցությունն, ինչպես հայտնի է, իշխանության մաս չկազմեց: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը գլխավոր դատախազի միջնորդագրի վերաբերյալչցանկացավ քաղաքական գնահատականներ տալ` ասելով, թե այդ հարցին կանդրադառնան միջնորդագրի հիմնավորումներին ծանոթանալուց հետո:

«Երբ որ կսկսվի իրավական գործընթացը այդ ժամանակ մենք կքննարկենք եւ տեղեկացնենք: Հավանաբար վաղը մենք կունենանք խմբակցության նիստ եւ նիստի ընթացքում այս հարցը եւս կքննարկվի, սիրով կտեղեկացնեմ ձեզ արդյունքների վերաբերյալ», - ասաց Ուրիխանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք խորհրդարանը իր համաձայնությունը կտա՞ ԲՀԿ պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու գործում, Ուրիխանյանը ասաց. - «Խոսնակի համար կանխատեսումներ անելը չափազանց անշնորհակալ գործ է, կուզեի արդեն տեղի ունեցած իրադարձություններ մեկնաբանել: Առաջարկում եմ սպասել վաղվան»:

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը գլխավոր դատախազի միջնորդությունը «աբսուրդ» համարում:

«Եթե ՀՀ ղեկավարությունը հավատում է, որ այդ խորհրդարանում կա մեկ մարդ, որի անձեռնմխելիությունը պետք է վերացնել եւ դա Վարդան Օսկանյանն է, դա այնքան աբսուրդ է, որ ես բացատրելու կարիք չունեմ: Եթե նախագահը նկատի ուներ, որ սա է այն ձեւը, որ պիտի կոռուպցիան, պրոբլեմներ վերացվեն Հայաստանից, ես իսկապես չեմ հասկանում… Սա իսկապես այն քաղաքական ճարահատ գործընթացն է, որտեղ այն քաղաքական այրերը, որ չեն ուզում քաղաքական մրցակցության մեջ մտնել, ուզում են իրենց ուժը ու հանրապետության բոլոր ինստիտուտները շահագործել սխալ նպատակներով` ժողովրդի դեմ եւ ոչ ժողովրդի համար», - ասաց Ղազարյանը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Օսկանյանի նկատմամբ կարող է նաեւ խափանման միջոց ընտրվել, հիմնադրամի տնօրենը պատասխանեց. - «Եթե այս քայլին կարելի է գնալ, մյուս բոլոր քայլերը կարելի են: Եթե մենք թողնենք, որ այսպիսի քայլի գնան, իհարկե, կարող են դա անել»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս կերպ փորձ չի արվո՞ւմ կանխել Օսկանյանի հնարավոր առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում, Ղազարյանն ասաց. - «Պարզ է, որ որոշակի ձեւով շատ գործընթացներ կանխելու փորձ է` թե «Սիվիլիթաս»-ի գործունեությունը, թե Վարդան Օսկանյանի գործունեությունը: Թե նախագահականի գործընթացը ինչպես առաջ կգնա, ես չգիտեմ, բայց որ այս բոլորը քաղաքական գործունեություն եւ մրցակցություն կանխելու ձեւ են, սա պարզ է»:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է, որ պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին ԱԺ-ի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Օսկանյանը քաղաքական պատվեր է համարում դատախազի միջնորդագիրը

Հինգշաբթի ուշ երեկոյան հայտարարություններով հանդես եկան Վարդան Օսկանյանը եւ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որեւէ իրավաբանական բովանդակությունից», - ասված է, մասնավորապես, Օսկանյանի հայտարարությունում, որը տարածել է նրա գրասենյակը։

Նշելով, որ պաշտոնապես դեռ չի ստացել անձեռնմխելիությունից իրեն զրկելու միջնորդագիրը, նախկին արտգործնախարարը շարունակում է. - «Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն: Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ»:

«Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է եւ բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաեւ այս հաշվարկներում են սխալվել», - հայտարարում է Օսկանյանը` պատրաստակամություն հայտնելով «թեկուզ այս պայմաններում եւ այս հարթության վրա շարունակել պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իր հերթին, ընդգծում է, որ «համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի` Ազգային ժողովի նախագահը, ստանալով գլխավոր դատախազի միջնորդագիրը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին, պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել պատգամավորին, ինչը այս դեպքում չի կատարվել եւ, ըստ էության, օրենքի խախտում է»:

«Սա օրենքի բացահայտ արհամարհանք է եւ անուղղակիորեն հաստատում է Վարդան Օսկանյանի` քաղաքական հետապնդման վերաբերյալ վարկածը», - հայտարարում է փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG