Մատչելիության հղումներ

ՃՈ-ի խստացումներն ու վարորդների դժգոհությունները


Վարորդները պնդում են, որ չեն կարող նախատեսվածից ավելի ուղեւոր չփոխադրել:

Այսուհետեւ 10.000 դրամով կտուգանվեն նախատեսվածից ավելի ուղեւոր փոխադրող երթուղայինների վարորդները, 20.000 դրամով` առանց համապատասխան վարորդական իրավունքի երթուղային կամ սեփական մեքենա վարող վարորդները եւ կրկին 10.000 դրամով` կանգառի նախանշված կետից դուրս կայանող երթուղայինի վարորդները:

Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 25-ին ուժեղացված հսկողություն էր իրականացրել մայրաքաղաքում, եւ պարզվել էր, որ 28 երթուղայինների վարորդներ չեն ունեցել համապատասխան վարորդական իրավունքի վկայականներ, նրանց մեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք: Նույն օրվա ընթացքում տուգանվել են նաեւ կանգառից դուրս կայանող 144 վարորդներ: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած հարցազրույցում ասաց, որ ուժեղացված հսկողությունը շարունակական գուցե նաեւ մշտական բնույթ կկրի:

Ուժեղացված հսկողությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հատկապես մարդատար միկրոավտոբուսների վարորդների շրջանում: Նրանց խոսքով, պետք է տուգանվի ոչ թե վարորդը, այլ հենց «գծի տերը»: Նորիկ Սարգսյանն էլ ասում է, որ խախտում կատարողը վարորդն է, ոչ թե երթուղին շահագործող ընկերությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երթուղայինների վարորդները դժգոհում են, որ եթե իրենք նախատեսվածից ավելի ուղեւոր չտեղափոխեն, չեն կարող գոյատեւել:

Ներկայանալ չցանկացող 88 համարի երթուղայինի վարորդներից մեկն ասաց, թե 15 տարի 100 դրամ է ուղեվարձը. - «Ամեն ինչի գները 4-5 անգամ թանկացել են, վարորդը չի տեղավորվում իր ծախսերի մեջ: Մի քանի հոգի կանգնած ենք տեղափոխում, որպեսզի կարողանանք կոմպենսացնել մեր ծախսերը»:

Վարորդները դժգոհում են, թե ինչու պետավտոտեսուչները նույն ակտիվությամբ ու խստությամբ չեն պայքարում խախտում կատարող օլիգարխների եւ պաշտոնյաների դեմ:

«Թույլ օղակը վարորդն ա, ինչ օրենք ընդունում են, վարորդի գլխին ա կոտրվում: Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ վարորդները թողնեն գնան, մինչեւ ե՞րբ...Որեւէ մեկը վարորդի մասին մտածում ա՞: Առանց հանգստյան օր ենք աշխատում: Էդ վարորդը եթե ռեզինից լիներ, հիմա պոկվել էր, երկաթից լիներ` կոտրվել էր…», - դժգոհեցին վարորդները:

Նորիկ Սարգսյանն ասում է, որ իրենց համար նշանակություն չունի վարորդի դիրքն ու պաշտոնը: Վերջին շրջանում օրինակ` ՃՈ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել շքախմբերով երթեւեկող տրանսպորտային միջոցները, եւ բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ կանգնեցվել եւ տուգանվել են խմբային երթերին մասնակցող վարորդները: Ի դեպ, այս դեպքում տուգանքն այնքան էլ մեծ չէ` 5000 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG