Մատչելիության հղումներ

Կրակոցներ Արմավիրում. քաղաքապետի նախկին թեկնածուն ձերբակալված է


Ոստիկանը ուղեկցում է ձերբակալված Սեւակ Մինասյանին: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Ոստիկանը ուղեկցում է ձերբակալված Սեւակ Մինասյանին: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Արմավիր քաղաքում չորեքշաբթի օրը հնչած կրակոցների առնչությամբ ձերբակալվել է Արմավիրի քաղաքապետի նախկին թեկնածու Սեւակ Մինասյանը: Նրա հայրը` Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սեդրակ Մինասյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից, այսօր ազատվել է աշխատանքից։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Սեւակ Մինասյանը, հարուցված է զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Արմավիրի քաղաքապետի անցած տարվա ընտրություններում գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի դեմ առաջադրված եւ նրա թիմի հետ շարունակաբար տարաձայնությունների մեջ գտնվող անկուսակցական Սեւակ Մինասյանի դեմ քրեական հետապնդման պատճառ դարձել է երեկ ցերեկը Արմավիրի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած միջադեպը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, դեպքի վայր ժամանած իրավապահներին ռեստորանի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանը տեղեկացրել է, որ Սեւակ Մինասյանը քաշքշել, հարվածներ է հասցրել իրեն, այնուհետեւ գոտկատեղից հանելով անհայտ տիպի ատրճանակ` երկու-երեք անգամ օդ է կրակել:

Իսկ վիճաբանությանառիթը, ըստ նախնական լուրերի, եղել է այն, որ ռեստորանի աշխատակիցները զանգահարել եւ դատախազի տեղակալի որդուց պահանջել են վճարել նախկինում ռեստորանին ունեցած պարտքերը: Դա վրդովեցրել է Մինասյանին, եւ նա իր մի քանի ընկերների հետ «կռիվ է եկել» ռեստորանի աշխատակիցների վրա, վիճաբանություն հրահրել եւ օդ կրակել, ինչպես հետո է պարզվել` օդամղիչ ատրճանակով:

Արմավիր այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցելության ժամանակ մթնոլորտը լարված էր. «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի այն աշխատակիցները, ովքեր ականատես էին եղել կատարվածին, հրաժարվեցին խոսել այդ մասին, ոմանք կատակում էին, որ նման միջադեպերը իրենց համար նորություն չեն, քանի որ խոսքը Հոկտեմբերյանի [Արմավիրի նախկին անվանումը] մասին է:

Սեւակ Մինասյանի թիմակիցները, մինչդեռ, խիստ վրդովված էին նրա ձերբակալությունից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարում էին, որ միջադեպը հակառակ կողմն է հրահրել, Մինասյանը որեւէ մեկի հետ գումարային պարտք ու պահանջ չի ունեցել, պարզապես քաղաքում ազդեցիկ այդ երիտասարդին հեղինակազրկելու խնդիր է դրված, որպեսզի նա չկարողանա նախագահական ընտրություններում իր համախոհներին մոբիլիզացնել քաղաքապետի եւ մարզպետի սատարած թեկնածուի դեմ: Նրանք «Կարմիր կամուրջ» ռեստորանի տնօրենին էին մեղադրում հյուրանոցի տարածքում «ռազբորկա» սկսելու մեջ։

«Սա կազմակերպված բան էր, Սեւակին ռազբորկայի է կանչել, ու երբ նա գնացել է, այնտեղ արդեն քսան հոգի կանգնած են եղել... Հետո` հայհոյանքներ, առաջինն էլ Միսակ Տեր-Պողոսյանն է հարվածել, հետո, այո, Սեւակն է խփել ու վայրկյանական ոստիկանություն են կանչել: Ընդամենը 30 վայրկյանում ոստիկանները հասել են այնտեղ։ Կրակոցների մասին մենք տեղեկություն չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին Սեւակ Մինասյանի թիմակիցները։

«Օդից վերցրեց, սարքեց գլխին, զակազ էր, մարզպետի ու քաղաքապետի մարդն ա նա: Սեւակը քաղաքապետի ընտրություններում դրեց հաղթեց քաղաքապետին, կեղծեցին... Հեսա դեմն էլ ընտրություններ են, մի բան պիտի անեն, չէ՞, որ էդ մարդուն փչացնեն», - պնդում էին նրանք:

Արմավիրի քաղաքապետի անցած տարվա մարտի ընտրությունները, հիշեցնենք, աչքի ընկան չափազանց լարվածությամբ, երբ քաղաքը բաժանվել էր հակառակորդ ճամբարների: Գործող քաղաքապետ հանրապետական Ռուբեն Խլղաթյանը շուրջ հազար ձայնով առավելության հասավ անկուսակցական Սեւակ Մինասյանի նկատմամբ, բայց Մինասյանի թիմակիցները ողջ ընթացքում բարձրաձայնում էին զանգվածային խախտումների եւ ընտրության արդյունքն անվավեր համարելու անհրաժեշտության մասին: Նրանք նույնիսկ բողոքի ցույցի էին դուրս եկել եւ փակել Արմավիր - Երեւան մայրուղին, ծեծկռտուք էր սկսվել ոստիկանների հետ, ինչի հետեւանքով Սեւակ Մինասյանի թիմակիցներից ոմանք նույնիսկ կալանավորվեցին: Այսօր նրանք պնդում են, որ, թերեւս, մարզային իշխանությունները նախագահական ընտրություններում իրադարձությունների նման զարգացումները կանխելու միտումով են նախկին թեկնածուին հետապնդում:

Սեւակ Մինասյանը երեկ կամավոր է ներկայացել ոստիկանության բաժին եւ ներկայացրել իր անվամբ գրանցված «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակը: Ինչ վերաբերում է նրա հոր` Արմավիրի դատախազի տեղակալ Սեդրակ Մինասյանի աշխատանքից ազատմանը, գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Մինասյանն անձամբ է ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, ինչն էլ այսօր բավարարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG