Մատչելիության հղումներ

logo-print
Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը անցած շաբաթ զեկույց է հրապարակել, որտեղ իր առաջին գնահատականներ է տվել Հայաստանում թրաֆիքինգի վիճակին:

Զեկույցի հեղինակները ողջունում են մարդկանց թրաֆիքնիգը կանխելու նպատակով Հայաստանի իշխանությունների քայլերը: Մասնավորապես, խոսվում է այն ջանքերի մասին, որոնք տարվել են հանրային իրազեկման բարձրացման, համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Միաժամանակ զեկույցում նշվում է, որ պետք է խոցելի խմբերի, մասնավորապես, երեխաների իրազեկման ավելի թիրախային չափանիշներ կիրառել:

Արզուման Հարությունյանը, որ Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես առանձնացրեց այդ խնդիրը` նշելով, որ բավական լուրջ աշխատաքներ են տարվում` դպրոցներից սկսված. - «Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նույնիսկ դպրոցներում մտցրեց հատուկ ծրագիր: Բարձր դասարանների երեխաների համար թրաֆիքինգի դեմ հատուկ ծրագիր է մտցված»:

Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Ունեցել ենք անչափահասների շահագործման դեպքեր: Դա արտահայտվել է հիմնականում սեռական շահագործման կամ աշխատանքային շահագործման [ձեւով]: Ունեցել ենք նաեւ առանձին դեպքեր, երբ, անչափահասների խոցելի վիճակն օգտագործելով, մանկատան սաների լինելու պատճառով, այս անձանց չափահասները ներգրավել են մուրացկանության մեջ»:

Զեկույցում առանձնակի ուշադրություն է դարձված այն խնդրին, որ թրաֆիքինգի զոհերի նույնականացման ներկայիս գործընթացն այնքան էլ արդյունավետ չէ, որովհետեւ դաշտից դուրս է թողնում այն մարդկանց, ովքեր չեն համագործակցում իրավապահ մարմինների հետ: «Քարոզչական աշխատանքն ավելի ակտիվ պետք է լինի մասնավորապես, աշխատանքի չարաշահման դեպքերի նույնականացման ժամանակ», - ասվում է զեկույցում:

Դավթյանը նշեց, որ թե' իրազեկման, թե' դեպքերի բացահայտման տեսանկյունից խնդրահարույց է աշխատանքային թրաֆիքինգը. - «Երբ աշխատողները մեր մոտ հաղորդում են տալիս, որ իրենց աշխատացրել են, իրենց սնունդ չեն տվել, անձնագրերը ձեռքից վերցրել են, թույլ չեն տվել վերադառնալ երկիր, իրենց գումարներ չեն տվել, մենք ստանում ենք քննչական պահանջի պատասխաններ այն մասին, որ այս մարդիկ չեն աշխատել, հարբեցողությամբ են զբաղվել… Ապացուցողական նման բազայի պայմաններում չես կարող անձին դատի տալ»:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է թրաֆիքինգի զոհերին տեղեկատվություն ապահովեն փոխատուցում ստանալու իրավունքի մասին, ստեղծեն պետական փոխհատուցման համակարգ, որը հասանելի կլինի զոհերին: Նշվում է, այդուհանդերձ, որ անվճար բուժսպասարկումը, սոցիալական աջակցությունը, հատուկ կացարաններն ապահովվում են:

Ինչ վերաբերում է թրաֆիքինգի դեպքերի քրեական գործընթացներում զոհերի եւ ականատեսների մասնակցությանը, ապա զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին հորդորում են այս մարդկանց եւ հատկապես երեխաների պաշտպանության բավարար երաշխիքներ ապահովել:

«Ցավոք սրտի, Քրեական օրենսգրքով նրանց պաշտպանության ինստիտուտը, մեխանիզմները դեռեւս կայացած չեն: Լուրջ խնդիր է, որովհետեւ բոլոր զոհերը, որպես օրենք, թրաֆիքյորների կողմից ենթարկվում են հալածանքների եւ վախի: Վկաները խուսափում են վկայություն տալ եւ այլն», - ասաց Արզուման Հարությունյանը` հավելելով, որ պաշտպանության միակ միջոցը կացարաններն են, որոնք տրամադրվում են Հայաստանում գործող երկու հասարակական կազմակերպությունների կողմից:

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամը հավելեց, որ աշխատանքներ այս ու այլ ուղղություններով տարվում են:
XS
SM
MD
LG