Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատել է 2013-ի պետբյուջեի նախագիծը


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Թվերը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, հետեւյալն են. ծախսային մասը` 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, եկամտային մասը` 1 տրիլիոն 59 միլիարդ 100 միլիոն դրամ, դեֆիցիտը` 124 միլիարդ դրամ:

«Հայաստանի համայնքների 2013 թվականի բյուջեները կկազմեն եկամուտների գծով 97.5 միլիարդ դրամ, ծախսերի գծով` 101.7 միլիոն դրամ, եւ դեֆիցիտը` 4.2 միլիարդ դրամ», - նշեց նախարարը:

Բյուջեի դեֆիցիտը` եկամտային եւ ծախսային մասերի տարբերությունը Կառավարությունը նախատեսում է ծածկել հիմնականում արտասահմանյան վարկերի միջոցով:

Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` Վաչե Գաբրիելյանը ասաց, որ գալիք տարվա բյուջեով նախատեսված է ապահովել 6 տոկոս տնտեսական աճ, իսկ 12-ամսյա գնաճը կանխատեսվում է 4±1.5 տոկոս:

Նախարարի խոսքով, ընթացիկ տարին ակնկալում են փակել շուրջ 7 տոկոս տնտեսական աճով:

Կառավարությունը այսօր որոշեց 2013 թվականի հունվարի 1-ից 2.5 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը` հասցնելով 35 հազար դրամի:

Հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի պետական բյուջեները ընթացիկ տարում կազմել են համապատասխանաբար 5 միլիարդ 75 միլիոն եւ ավելի քան 20 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլար:

2013-ի Հայաստանի պետբյուջեն մի փոքր ավելի է լինելու 2 միլիարդ 900 միլիոն ԱՄՆ դոլարից: Եթե նկատի առնենք, որ թե' Վրաստանը, թե' Ադրբեջանը արդեն հայտարարել են, որ ավելացնելու են իրենց գալիք տարվա պետբյուջեները, ապա թվերը եթե փոխվեն էլ` հավանաբար ոչ նվազման ուղղությամբ:

Ընթացիկ տարվա համեմատ, դրամային արտահայտությամբ Հայատանի գալիք տարվա պետբյուջեի եկամուտները աճել են 148 միլիարդ դրամով` 911 միլիարդից հասնելով 1 տրիլիոն 59 միլիարդի:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ եթե հաշվենք սղաճը, դրամի արժեզրկումը եւ այն, որ եկամտահարկը 20 տոկոսից բարձրացվել է 25 տոկոսի, ապա կտեսնենք, որ բյուջեն «ավելացել է ինքն իրեն, եւ կառավարությունն էլ առանձնապես ոչինչ չի ձեռնարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG