Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական լոբբին` ընդդեմ հայազգի գործարարի


Grand Hyatt հյուրանոցը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում

Grand Hyatt հյուրանոցը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում

Միացյալ Նահանգներում գործող թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունները քարոզչական լայնածավալ արշավ են սկսել միջազգային հյուրանոցային բիզնեսի առաջատար ընկերություններից մեկի` Hyatt Hotel Corporation-ի հայազգի ղեկավարի դեմ:

Մոտ 400 բարձրակարգ հյուրանոցներ միավորող եւ մոտ 30 հազար աշխատակից ունեցող ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Հոփլամազյանին թուրք-ադրբեջանական կազմակերպությունների դաշինքը մեղադրում է «ազգային քարոզչական արշավներում ներգրավված լինելու մեջ»:

Այս մասին տեղեկացնում է The California Courier պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը` նշելով, որ Հոփլամազյանի դեմ արշավը սկիզբ առավ այն բանից հետո, երբ նա սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում հանդես եկավ Ամերիկայի Հայկական համագումարի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ` որպես Hyatt-ի գլխավոր տնօրեն:

«Պարոն Հոփլամազյանի ներգրավվածությունը ազգային շահեր ներկայացնող խմբերում, որոնք թշնամական տրամադրություններ են տարածում Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, կարող է ոտնահարել Hyatt ընկերության կողմից իսկ ընդունված էթիկայի եւ գործարար վարքագծի կանոնակարգի այն դրույթը, որ վերաբերում է շահերի բախմանը», - նշված է Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի, Ադրբեջանա-ամերիկյան խորհրդի, Ամերիկայի թուրքական ընկերակցությունների դաշնության եւ Ամերիկայի ադրբեջանական միության համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարությանն անդրադառնալով` Հարութ Սասունյանը, սակայն, նկատում է. - «Իրենց նամակում թուրքական ու ադրբեջանական խմբերը Հայոց ցեղասպանությունը որակում են որպես «անհիմն պնդում» եւ «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր համայնքների միջեւ տեղի ունեցած վայրագություններ», որոնք, իբր, երբեք չեն քննվել որեւէ դատարանի կողմից: Նման անհեթեթ հայտարարության միջոցով այս կազմակերպությունների ղեկավարները, փաստորեն, ի ցույց են դնում սեփական տգիտությունը»։ Սասունյանը հիշեցնում է, որ 1919-ին հենց թուրքական դատարանն էր, որ առաջինը դատապարտեց Ցեղասպանության հեղիանակներին, դատական վճիռներ էին կայացվել նաեւ Արգենտինայի, Շվեյցարիայի եւ Միացյալ Նահանգների դատական ատյանների կողմից։

Անդրադառնալով ադրբեջանական կազմակերպությունների այս հայտարարության դրդապատճառներին` Սասունյանը նկատում է. - «Ակնհայտ է, որ այս կազմակերպություններն իրենց կեղծ հայտարարություններով Հոփլամազյանին ահաբեկելու նպատակ են հետապնդում` ստիպելով նրան հեռու մնալ հայկական խնդիրներին եւ Ցեղասպանությանը վերաբերող ցանկացած տեսակի գործողություններից»:

«Առավել մտահոգիչ է այն իրողությունը, որ Hyatt-ի տնօրենի դեմ սանձազերծված այս արշավի միջոցով թուրքական եւ ադրբեջանական խմբերը ցանկանում են ղեկավար դիրք զբաղեցնող մյուս ամերիկահայերին զերծ պահել նմանատիպ ակտիվությունից», - նշում է Սասունյանը` անուղղակիորեն զգուշացնելով թյուրքական լոբբիստական կառույցներին հնարավոր հակաքայլերի մասին:

«Այս արշավը կարող է հանգեցնել անցանկալի իրադարձությունների մի շղթայի, որը կստիպի հայ համայնքին հակաքայլեր իրագործել ընդդեմ թուրքական ծագում ունեցող հաջողակ ամերիկացի գործարարների, ինչպիսին է, օրինակ, Coca Cola ընկերության նախագահ Մուհթար Քենթը», - նշում է Հարութ Սասունյանը ամփոփելով. - «Ի վերջո, խիստ վիրավորական է, որ այս կազմակերպությունները լուռ էին, երբ ադրբեջանցի սպան Բուդապեշոտւմ քնած հայի էր կացնահարում, սակայն այժմ անհանգստացել են, երբ ամերիկահայ գործարարը Բեւերլի Հիլզում օգտվում է ազատ արտահայտվելու իրեն ընձեռված իրավունքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG