Մատչելիության հղումներ

Ովքե ՞ր են հիմնականում լքում Հայաստանը


Հայաստանում պաշտոնական որեւէ հետազոտություն չկա, թե որ սեռի, տարիքային ու սոցիալական խմբերի քաղաքացիներն են առավել հաճախ լքում երկիրը:

Միակ տեղեկատվությունն այս առումով ստացվում է ուղեւորափոխադրումների շարժից, թե որքան մարդ գնաց եւ որքան մարդ եկավ:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունն Ազգային անվտանգության եւ Ազգային վիճակարգական ծառայությունների հետ համագործակցույթան արդյունքում կարողանում է ուղեւորափոխադրումների հոսքից զատել մեկնող եւ վերադարձող միայն Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ տարբեր խնդիրներով իրենց ուսումնասիրությունների ու հարցումների ընթացքում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանից մեկնում են առավել ապահովված, աշխատանք եւ բնակարան ունեցող մարդիկ:

Հայրապետյանի խոսքով, միգրացիոն հոսքերի տարիքային, սեռային եւ սոցիալական խմբերի ուղղությամբ ազգային հետազոտությունն այդքան էլ մեծ գումարների հետ չէ կապված:

«Արտասահմանյան երկու մեքենայի գումար է դա», - նշում է Հայրապետյանն ու հավելում, որ մեծ գումարներ հարկավոր կլինեն իրական պատկերը ներկայացնելուց հետո, որովհետեւ անհրաժեշտություն կդառնա արտագաղթի պատճառների վերացումը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրություններից մեկի ընթացքում պարզվել է, որ մեկնողների հիմնական խմբի համար թիվ մեկ պատճառ հանդիսացող տնտեսական եւ սոցիալական խնդիրների շարքում այլ պատճառներ կան թաքնված: Օրինակ` երիտասարդ կին, ով այստեղ ունի սեփական բիզնես, կայուն եկամուտ եւ այլն…աշխատանք էր փնտրում արտերկրում:

«Ինքն այստեղ իրեն բավականին լավ ապահովում էր, կարողանում էր տարվա մեջ մի քանի անգամ գնալ արտասահման` հանգստանալու եւ այլն: Պարզապես 30 տարեկան կինը չէր կարողանում ծնողներին համոզել, որ գնար առանձին ապրեր: Ծնողների եւ հասարակության ճնշումների հետեւանքով ինքը փորձում էր աշխատանք գտնել դրսում: Իսկ, եթե ինքը գնա` կդիտարկվի, որ սոցիալական խնդրով է գնում» - պատմեց Հայրապետյանը:

Արտերկրում բնակություն հաստատելը ֆինանսական առումով անհամեմատ ավելի մեծ ապահովվածության երաշխիք է նաեւ գիտության ոլորտի ներկայացուցիչների համար:

Հեղինակ կատարող Վահան Արծրունու եւ երգիչ Արթուր Իսպսիրյանի խոսքով` իրենց ընկերների մեծ մասը Հայաստանից լքում են, որովհետեւ խոսքի ազատության, սեփական իրավունքների պաշտպանության խնդիր ունեն, լավ կամ բավարար ապագա չեն տեսնում երեխաների համար եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG