Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Ադրբեջանը ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի արժեքները»


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում` դատապարտելով Ադրբեջանին ղարաբաղյան բանակցային գործընթացը վիժեցնելու համար եւ, միաժամանակ, նշելով, որ Հայաստանը կշարունակի բանակցային ջանքերը։

«Հայաստանը կիսում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը շարունակ վտանգում է տարածաշրջանային կայունությունը` ուժ կիրառելու իր սպառնալիքներով, ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմակի ավելացմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով, հայկական պատմական եւ մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի սիստեմատիկ դրսեւորումներով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ ընդհանրապես հայերի նկատմամբ ատելություն քարոզելով», - ասել է Նալբանդյանը, նշելով, որ չնայած միջնորդների ջանքերին` ղարաբաղյան բանակցություններում անհնար է եղել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետեւից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները:

«Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլեւ մշտապես նոր քայլեր է ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «Նման վերջին դրսեւորումն էր Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ: Չկա ոչ մի միջազգային կազմակեպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լինի Ադրբեջանի արարքը: Միջազգային հանրության արձագանքը այս խայտառակ քայլին միաձայն էր եւ միանշանակ՝ Բաքվի կողմից կատարածի խիստ դատապարտում»:

«Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ որ արել է` ճիշտ է արել», - նշել է Նալբանդյանը` ընդգծելով. - «Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման ջանքերին: Սա եւս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:

«Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա», - հավաստիացրել է Հայաստանի արտգործնախարարը։

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը` Նալբանդյանը ասել է. - «Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի եւ հարավի երկրների հետ մեր հարաբերությունների խորացումն ու համագործակցության ոլորտների բազմազանեցումը մեր արտաքին քաղաքականության կարեւոր նպատակներից են։ Մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս եւ զարգացնելիս մենք առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են փոխադարձությունը, վստահությունը, բարի կամքը, փոխադարձ շահերի հարգանքը։ Այս սկզբունքներն են Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների, Միացյալ Նահանգների հետ մեր սերտ բարեկամական գործընկերության, Եվրոպական Միության հետ մեր ակտիվ փոխգործակցության, ինչպես նաեւ բազմաթիվ գործընկեր երկրների հետ առկա ամուր հարաբերությունների հիմքում»:

Հայ - ամերիկյան հարաբերությունների առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. - «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջեւ, որտեղ ամերիկահայ համայնքն ունի առանձնահատուկ դերակատարություն, իրենց բնական արտացոլումն են ստացել միջպետական հարաբերությունների երկու տասնամյակների ընթացքում։ Մեր երկրների միջեւ առկա փոխադարձ վստահությունը մեր բարեկամական գործընկերության ընդլայնման լավագույն հիմնասյուներից է»։

«20 տարի առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նշել է, որ ազատ, անկախ Հայաստանը, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, դավանում է միեւնույն արժեքները՝ ժողովրդավարություն, ազատություն, շուկայական տնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն։ Այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։ Այսօր մարդասիրական աջակցությունը աստիճանաբար վերածվում է փոխշահավետ համագործակցության», - ասել է Նալբանդյանը` հույս հայտնելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձը ավելի լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերությունների համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ելույթին ներկա էին Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարել է կենտրոնի նախագահ Թերի ՄըքՔարթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG