Մատչելիության հղումներ

Մոսկվան քննադատում է Pussy Riot-ի առաջադրումը Սախարովի մրցանակին


Ռուսաստան - Pussy Riot խմբի անդամները դատարանի դահլիճում, Մոսկվա, օգոստոս, 2012թ.

Ռուսաստան - Pussy Riot խմբի անդամները դատարանի դահլիճում, Մոսկվա, օգոստոս, 2012թ.

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը խստորեն քննադատել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը՝ առաջադրել Pussy Riot փանք խմբի անդամներին Անդրեյ Սախարովի անվան մրցանակի համար։

Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշումը հայտնել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով պատասխանատու Կոնստանտին Դոլգովը։

Նրա խոսքով՝ խմբի գործունեությունը որեւէ կապ չունի մտքի ազատության հետ, եւ նման առաջադրումը «անհարգալից վերաբերմունք է գիտնականի հիշատակի, ինչպես նաեւ միլիոնավոր հավատացյալների նկատմամբ, որոնց իրավունքներն ու զգացմունքները ոտնահարվել են աղջիկների գործունեության հետեւանքով»։

Ռուսաստանի ատգործնախարարությունը կարծում է նաեւ, որ Pussy Riot-ի առաջադրումը հեղինակավոր մրցանակին միջամտություն է Ռուսաստանի դատական գործընթացին եւ միտում ունի կասկածի տակ դնել դատավորի վճիռը։

Pussy Riot-ի երեք անդամները երկու տարվա ազատազրկման են դատապարտվել՝ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «փանք-աղոթք» կատարելու համար, որով խնդրում էին Աստվածածնին վռնդել Պուտինին։

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր դիրքորոշումն է արտահայտել, քանի որ նույն օրը Բրյուսելում պաշտոնապես ներկայացվել են մարդու իրավունքների ոլորտում ներդրում ունենալու համար Անդրեյ Սախարովի անվան մրցանակի ութ հավակնորդները, այդ թվում եւ սկանդալային փանք ռոք խմբի անդամները։

Նրանց թեկնածությունը առաջարկել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վերներ Շուլցը` կանաչների խմբակցության, ում առաջարկը հավանության են արժանացրել 45 պատգամավորներ։

Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ՝ աղջիկների դատավճիռը ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռեց այն հանգամանքի վրա, թե ինչպես են Ռուսաստանում ոտնահարվում քաղաքացիական իրավունքները։

Սախարովի անվան մրցանակի հավակնորդների թվում են նաեւ բելառուսցի իրավապաշտպան, անազատության մեջ գտնվող Ալես Բելյացկին, իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին, ով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքում, ինչպես նաեւ իրավապաշտպաններ Պակիստանից եւ Ռուանդայից։

Մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մրցանակի հանդիսավոր հանձնումը տեղի կունենա դեկտեմբերին։

Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին, մրցանակի առաջին դափնեկիրներն են եղել Նելսոն Մանդելան եւ բանտում 1986 թվականին մահացած խորհրդային այլախոհ Անատոլի Մարչենկոն։

Pussy Riot փանք խմբի դատապարտված անդամները օրերս արտահերթ արժանացել են մեկ այլ մրցանակի՝ լեգենդար Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոյի սահմանած Խաղաղության մրցանակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG