Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության ոլորտում աճ է արձանագրվել


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր հայտարարեց, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին ոլորտում համախառն արտադրանքի աճը կազմել է 10.8 տոկոս:

«Միայն այս տարի` հունվար - օգոստոս ամիսներին, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքը կազմում է 431 միլիարդ 200 միլիոն դրամ, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10.8 տոկոսով ավելի է: Անցած տարի մենք ամբողջ տարվա համար կարողացանք ապահովել ավելի քան 14 տոկոս: Այդ տենդենցը շարունակվելու է մինչեւ տարվա վերջ, եւ մենք բոլոր ոլորտներում ունենք առաջընթաց», - հայտարարեց նախարարը Շիրակի մարզի Ազատան գյուղում, որտեղ այսօր մասնակցում էր նորակառույց Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացմանը:

Նրա խոսքով` թեեւ հացահատիկի միջին բերքատվությունն այս տարի ավելի ցածր է, ստացված ցորենի բերքն ավելի է, քան անցած տարի. - «Մոտավորապես 12 հազար հեկտար ավելի ենք ցանել հացահատիկային կուլտուրաներ: Անցյալ տարի եթե մենք ստացել ենք 440 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, այս տարի դրանից ավելի ենք ստանալու` 15-20 հազար տոննա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչու է շարունակում բարձրանալ հացամթերքի գինը, Կարապետյանը արձագանքեց. - «Դա կապված է միջազգային գների բարձրացման տենդենցի հետ»:

Հայաստանը, նախարարի խոսքով, տարեկան արտադրում է 440 հազար տոննա հացահատիկ եւ ներկրում ենք 250-300 հազար տոննա:

«Այսօր մեր կարեւոր պարենային ապրանքների գծով մեր երկրի պահանջարկը մենք բավարարում ենք միջինը 60 տոկոսի չափով: Մենք ունենք ռազմավարական ծրագիր մինչեւ 2020 թվականը մեր պահանջները բավարարել 80 տոկոսով», - հավելեց նա:

Անցած տարվա համեմատությամբ ավելացել է նաեւ գյուղմթերքի արտահանումը. - «Եթե անցած տարվա ընթացքում մենք արտահանել էինք 16 հազար 800 տոննա պտուղ-բանջարեղեն, այս տարի` այսօրվա վիճակով, արդեն արտահանել ենք 21 հազար 500 տոննա: Արտահանում ենք գյուղացիական բոլոր տեսակի մթերքներ, բացի մսամթերքից եւ հացից: Ներկրում ենք հիմնականում հացահատիկ եւ միս»:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որում խիստ քննադատության ենթարկվեց կառավարության աշխատանքը` Սերգո Կարապետյանը ասաց. - «Այդ հանձնարարականը բոլորին էր վերաբերվում: Մենք էլ մեր աշխատանքները պետք է վերակառուցենք»:
XS
SM
MD
LG