Մատչելիության հղումներ

Եվգենի Կիսինը մերժում է Թուրքիայից ստացվող բոլոր հրավերները


«Երեւանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նա կկատարի Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի եւ Լիստի ստեղծագործությունները:

Փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ շատ երկար են սպասել միջազգային ամենահեղինավոր մրցանակների դափներկրի մենահամերգին. - «Երջանիկ ենք, որ փառատոնը հասավ այն իր բարձրակետին, որ կարողացավ մեր դարաշրջանի ամենամեծագույն, ամենամեծերի կողքին ապրող արվեստագետին հրավիրել Հայաստան»:

Ասուլիսին ներկա էր նաեւ Եվգենի Կիսինը: «Ես անկեղծորեն ուրախ եմ 28 տարվա ընդմիջումից հետո կրկին ձեր հրաշալի երկրում գտնվելու համար», - ասաց նա` վերհիշելով, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 1984 թվականին Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկովյան վիրտուոզներ» նվագախմբի հետ` հյուրախաղերի եւ մեկշաբաթյա շրջագայության:

«Դրանից հետո Հայաստանն ինձ համար շատ սիրելի դարձավ», - շարունակեց Կիսինը` կրկին վերհիշելով, թե ինչպիսի ցնցում ապրեց, երբ Իտալիայում հյուրախաղերի ժամանակ լսեց 1988-ի ավերիչ երկրաշարժի լուրը: Այն ժամանակ դեռ պատանի երաժիշտը մի քանի բարեգործական համերգներ է տվել` հասույթը փոխանցելով երկրաշարժից տուժած երեխաների հիմնադրամին:

Կիսինը նշեց, որ երբեք չի դադարեցրել իր բարեգործական գործունեությունը, եւ երեւանյան առաջիկա համերգի հասույթը նույնպես տրամադրելու է բարեգործությանը:

Անվանի երաժիշտը ասաց նաեւ, որ ամեն տարի համերգներով հանդես է գալիս մի քանի տասնյակ երկրներում, բայց կան սակավաթիվ երկրներ, որտեղ երբեւէ չի նվագել` քաղաքական նկատառումներով:

Չի եղել, օրինակ, Թուրքիայում, «որովհետեւ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». - «Այդ պատճառով է, որ երբեք այնտեղ չեմ եղել եւ չեմ ընդունել հրավերները»:

Մյուս երկիրը, որտեղ Կիսինը չի եղել, Չինաստանն է. - «Կյանքիս կեսը կարմիր երկրում եմ ապրել: Ծնվել եւ 20 տարի կարմիր դրոշների տակ եմ մեծացել, եւ այլեւս ցանկություն չունեմ կրկին կարմիր երկրում հայտնվելու»:

Խորհրդային Միությունից Մոսկվայում ծնված դաշնակահարը մեկնել է 1991 թվականին: Ապրել է նախ Նյու Յորքում, այնուհետեւ տեղափոխվել է Լոնդոն: Այժմ Եվգենի Կիսինը ապրում է Փարիզում եւ հանդես է գալիս աշխարհի ամենահռչակավոր բեմահարթակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG