Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ը պայթեցնել ցանկացող փոխգնդապետը ընդունեց մեղքը


Վարդան Սամվելյանը դատարանում, 25-ը սեպտեմբերի, 2012

Վարդան Սամվելյանը դատարանում, 25-ը սեպտեմբերի, 2012

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքով «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործած փոխգնդապետ, Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը երեքշաբթի օրը դատարանում ընդունեց իր մեղքը:

Ուշագրավ է սակայն, որ Սամվելյանը մեղադրվում է ոչ թե «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի համար, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու եւ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար:

Երբ «Հարսնաքար»-ում դաժան ծեծից հետո հունիսի 29-ին հիվանդանոցում մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը, մի քանի օր անց` հուլիսի 1-ին, փոխգնդապետը մեծ քանակությամբ զինամթերքով մուտք գործեց «Հարսնաքար»: Մամուլը, անդրադառնալով այս միջադեպին, գրեց, որ Սամվելյանը ցանկացել էր պայթեցնել «Հարսնաքար»-ը:

Այսօր Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատաքննության ընթացքում որեւէ անդրադարձ «Հարսնաքար»-ին չարվեց: Չխոսվեց, թե ինչ դրդապատճառներով է Սամվելյանը գիշերը ժամը 2-ին իր հետ ռեստորանային համալիր տարել բեկորային նռնակ իր պայթուցիչով, տրոտիլային գլանակներ, փամփուշտներ, դետոնատոր եւ այլն:

Այսօր մեկնարկած դատավարությունը հենց այսօր էլ ավարտվեց, քանի որ Սամվելյանի փաստաբան Հովհաննես Հարությունյանը միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել, դատավորն էլ բավարարեց միջնորդությունը: Գործն այսպիսով չքննվեց. մեղադրող դատախազը ընդամենը ներկայացրեց մեղադրանքը, որ Սամվելյանը ծառայության ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ տարածքից գտնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակահատվածից մնացած ռազմամթերք եւ դրանք տեղափոխել իրեն պատկանող ավտոտնակ: Այնուհետեւ հուլիսի 1-ին նա ավտոտնակից վերցրել է այդ ռազմամթերքը եւ դրանք ապօրինի տեղափոխել «Հարսնաքար» ռեստորան: Մեղադրող դատախազ Տիգրան Հարությունյանը չանդրադարձավ այն հարցերին, թե ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով: Նա, միայն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց, որ այդտեղ որեւէ հանցակազմ չկա:

Փոխգնդապետի փաստաբան Հովհաննես Հարությունյանն էլ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Սամվելյանի` զենք-զինամթերքով «Հարսնաքար» մուտք գործելու դրդապատճառներին, ասաց, թե ինքն էլ հստակ ասել չի կարող, թե ինչու է վերջինս նման բան արել:

«Ես միայն կարող եմ ասել, որ քննության ընթացքում բոլոր հարցերի մանրամասն հետազոտումն ու ստուգումները կատարվել են: Եթե հիմնավորվեր, հաստատվեր, որեւէ նման [ռեստորանը պայթեցնելու] քայլ, ապա անպայման դա իր արտահայտությունը կգտներ ինչպես առաջադրված մեղադրանքում, այնպես էլ դատաքննությունում», - ասաց Հարությունյանը:

Հարցին, թե այդ դեպքում ո՞ր էր զենք-զինամթերքը «Հարսնաքար» տեղափոխելու պատճառը, փաստաբանը պատճառաբանեց. - «Չեմ կարող վստահ ասել, թե ինչն է եղել դրա պատճառը: Եթե Ձեր ասածի նման նա ունենար այլ նպատակներ, կկարողանար իրականացնել»:

39-ամյա փոխգնդապետը դատարանում ընդունեց իր մեղքը ապօրինի զենք պահելու համար:

«Ես էլ եմ զղջում, որ ժամանակին էդ զինամթերքը հայտնաբերել եմ, երբ ծառայել եմ սահմանամերձ շրջանում, չեմ հանձնել համապատասխան մարմիններին, այլ հետս ուղղակի բերել եմ ու մոռացել եմ դրա մասին: Կարելի էր ժամանակին հանձնել, եւ նման պրոբլեմների առաջ չկանգնել: Միանշանակ գտնում եմ, որ սխալ էր զինամթերքը պահելը», - ասաց Սամվելյանը:

Մեղադրող դատախազը պահանջեց Սամվելյանին ապօրինի զենք պահելու եւ փոխադրելու համար դատապարտել վեց ամսվա ազատազրկման, իսկ սառը զենքի համար 200 հազար տուգանք սահմանել: Պաշտպանական կողմն էլ ասաց, թե առարկություններ չունի պատժաչափի հետ կապված, ուղղակի միջնորդում է պատիժը պայմանականորեն չկիրառել` հաշվի առնելով, որ Սամվելյանը երկու անչափահաս երեխա եւ խնամքի տակ գտնվող հիվանդ հայր ունի: Դատարանում ներկայացվեց նաեւ Սամվելյանին դրական բնութագրող ապացույցներ` մեդալներ, պատվոգրեր:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին:
XS
SM
MD
LG