Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ.«Քաղաքական ուժերի բեւեռացումը Վրաստանում խորանում է»


Վրաստան - «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը Զուգդիդիում, 22-ը սեպտեմբերի, 2012թ.

Վրաստան - «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը Զուգդիդիում, 22-ը սեպտեմբերի, 2012թ.

Ընտրարշավը վերածվել է կոշտ դիմակայության, փաստում են ԵԱՀԿ-ի դիտորդները։

«Վրաստանում ծավալված քարոզարշավի ընթացքում առկա բեւեռացումը գնալով ավելի նկատելի է դառնում», - պնդում են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները երկուշաբթի երեկոյան հրապարակված միջանկյալ զեկույցում:

Դիտորդների պնդմամբ` ընտրարշավը «վերածվել է կոշտ դիմակայության, որի ընթացքում իշխող կուսակցությունը պարբերաբար կասկածի տակ է դնում Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական կարողության ծագումն ու նրա ղեկավարած քաղաքական ուժի օրակարգը` հաղթանակի դեպքում, ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքն էլ շարունակում է մեղադրել իշխանություններին փաստերի խեղաթյուրման մեջ»:

Զեկույցի հեղինակները նաեւ նկատում են, որ իշխանամետ հեռուստաալիքները հիմնականում լուսաբանում են նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջնորդած Ազգային միացյալ շարժման քարոզարշավը, իսկ ընդդիմության գործունեությունը ներկայացվում է բացասական լույսի ներքո:

ԵԱՀԿ-ի դիտորդների այս զեկույցն ընդգրկում է սեպտեմբերի 6-ից 19-ը ընկած ժամանակահատվածը: Կարելի է հաստատապես ասել, որ հաջորդ զեկույցում արդեն զգալի տեղ են զբաղեցնելու նախընտրական բռնությունների մասին վկայությունները, որոնց թիվը վերջին օրերին կտրուկ կերպով աճել է` է՛լ ավելի սրելով ներքաղաքական իրադրությունը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ երկրի մի շարք հատվածներում ընդդիմության կողմնակիցները հարձակումներ են իրականացրել Ազգային միացյալ շարժման աջակիցների դեմ:

Ընդդիմությունը եւս հայտնում է մի շարք միջադեպերի մասին, որոնցից թերեւս ամենաաղաղակողը արձանագրվեց երկուշաբթի կեսգիշերին Թբիլիսիի Մուխանի շրջանում: Հայտնի դարձավ, որ հարձակման է ենթարկվել «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու, հայտնի քաղաքագետ Մամուկա Արեշիձեի նախընտրական շտաբի առանցքային ներկայացուցիչներից Բուբա Դվալին:

«Գիշերը նա մոտեցել էր իր տան շքամուտքին եւ տեսել, որ մի կին է այնտեղ կանգնած: Երբ մոտեցել էր դռանը, այդ կինը շրջվել էր եւ քիմիական ինչ-որ նյութ շփել Դվալիի դեմքին: Մի խոսքով, նա կուրացել է։ Ուշագրավ է, որ ոստիկանությունն այդպես էլ չարձագանքեց տեղի ունեցածին` չնայած բազմաթիվ զանգերին», - նշում է Արեշիձեն:

Նրա խոսքով` Դվալիի վրա հարձակումը պատահական չէր։ «Նա իմ նախընտրական շտաբի առանցքային ներկայացուցիչներից մեկն էր եւ կարողացել էր իմ ընտրատարածքում ապրող մի շարք ազդեցիկ մարդկանց համոզել, որպեսզի նրանք հրաժարվեն իշխանություններին աջակցելու մտքից», - ընդգծում է Արեշիձեն:

Մեկ այլ վրաց քաղաքագետի` Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով էլ` իրադրությունը երկրում փոխվեց կիրակի լույս երկուշաբթի գիշերը։

«Երեկ գիշերվանից իշխանությունների պահվածքը կտրուկ կերպով փոխվեց: Ողջ երկրի տարածքով իշխող կուսակցության ներկայացուցիչները պատռում էին ընդդիմության նախընտրական պլակատները, սադրում էին «Վրացական երազանք»-ի, ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչներին: Կարող եմ ասել, որ իշխանությունները խուճապի եւ հիստերիայի մեջ են գտնվում», - նշում է Զաքարեիշվիլին` պնդելով նաեւ, որ այդ փոփոխության պատճառը Գլդանիի բանտի շուրջ ծագած սկանդալն էր:

«Հայտնի տեսագրության հրապարակումից հետո նրանք հասկացան, որ կորցնում են ամեն ինչ: Իշխանություններն իրոք խուճապահար են: Քութայիսիից ոչ հեռու գտնվող Ցխալտուբո շրջկենտրոնում, օրինակ, տեղի քաղաքային խորհրդի ղեկավարն անձամբ ծեծի է ենթարկել «Վրացական երազանք» դաշինքի պաստառներ փակցնող երեք աղջիկների», - ասում է Զաքարեիշվիլին:

Մամուկա Արեշիձեի համոզմամբ էլ` վրացական իշխանությունների վերջին հույսը ազգային փոքրամասնությունների` նախեւառաջ հայերի ու ադրբեջանցիների քվեներն են:

«Իշխանություններն արդեն Թբիլիսիի, մյուս խոշոր քաղաքների հետ առանձնակի հույսեր չեն կապում: Հիմա նրանց հիմնական հաշվարկները այն շրջաններին են առնչվում, որտեղ ազգային փոքրամասնություններն են բնակվում: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա համատարած ճնշում կա` նրանց ահաբեկում են, շանտաժի ենթարկում, կիրառվում են բոլոր մեթոդները: Իշխանությունների համար ամենակարեւորը այն շրջաններում հաղթելն է, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Եվ, իհարկե, կեղծելն է, քանի որ շատ մարդիկ հեռացել են: Այս մեթոդներով նրանք ցանկանում են հաղթել այդ շրջաններում։ Խոսքը նախեւառաջ Սամցխե-Ջավախեթիի (Ջավախք) եւՔվեմո-Քարթլիի մասին է», - նշում է Արեշիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG