Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարար․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անդրադարձ կլինի Ռամիլ Սաֆարովի ներման փաստին


Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյան

Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանին ունենալիք իրենց ելույթներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադառնալու են մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման փաստին ու դրան հաջորդած զարգացումներին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը սպասվում է սեպտեմբերի 28-ին, Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա հոկտեմբերի 1-ին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե սպասվող ելույթներն առավելապես քարոզչական նպատակներ են հետապնդելու։ Արտգործնախարարներից յուրաքանչյուրը փորձելու է հիմնավորել այդ աղմկահարույց դեպքով պայմանավորված՝ իր երկրի վարքագծի ճշմարտացիությունը։

«Հայաստանի համար սա շատ լավ պատեհություն է՝ հայկական կողմի հիմնական մտահոգությունները եւս մեկ անգամ բարձրաձայնելու եւ հստակեցնելու առումով», - ընդգծում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահն ու մանրամասնում, - «Որ սա իրոք ոչ միայն ազգի ինքնորոշման խնդիր է, այլ ինքնապահպանության։ Այսինքն՝ գոյատեւման խնդիր է լուծվում այստեղ։ Պետք է հիշեցվի Սումգայիթի դեպքերը եւ բացատրվի, որ 70 տարիների ընթացքում այդ ժողովուրդը տարբեր հետապնդումների է ենթարկվել եւ այլեւս անհնարին է պատկերացնել որեւէ լուծում այսօրվա Ադրբեջանի կազմում»։

Ըստ Արզումանյանի, ՄԱԿ-ում կան նաեւ այլ կարեւոր խնդիրներ, որոնցով հայկական դիվանագիտությունն անպայմանորեն պետք է զբաղվի։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից օրակարգ մտցված երկու բանաձեւերի նախագծերին, որոնցից մեկը, մասնավորապես, «Օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին» անվանումը կրող նախագիծն է։

Նախկին արտգործնախարարի գնահատմամբ, այդ նախագծերը «Մարտի 1»-ի արգասիքն են։

«Երբ Հայաստանի արտաքին գերատեսչությունը զբաղված էր «Մարտի 1»-ի դեպքերը կոծկելով, Ադրբեջանը կարողացավ այդ բանաձեւը մտցնել օրակարգ, եւ դա նշանակում է, որ այլեւս յուրաքանչյուր նստաշրջանում այդ հարցը արծարծվելու է», - նշեց Արզումանյանը։

Ընդհանուր առմամբ, անիմաստ է ակնկալելը, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ կզբաղվի Սաֆարովի հարցով։

«Դա բացառված է», - ասում է Արզումանյանը, հիշեցնելով, որ այդ կառույցի գլխավոր քարտուղարն արդեն իսկ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։ Սակայն այս հարցը, նախկին արտգործնախարարի խոսքով, պետք է շարունակաբար բարձրացնել մարդու իրավունքներով զբաղվող միջազգային բոլոր կառույցներում։

Միջազգային հանրությունը գոհունակությամբ է արձանագրում հանգամանքը, որ Սաֆարովի ներումից հետո Հայաստանը դուրս չեկավ բանակցային գործընթացից։ - «Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Հայաստանը հրաժարվել է Նյու Յորքում միջնորդների եւ երկու արտգործնախարարների համատեղ հանդիպումից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց․ - «Տրամաբանական է, որովհետեւ դա զուտ խորհրդակցական հանդիպում պետք է լիներ, որեւէ առաջընթաց չէր ակնկալվում։ Կարծում եմ կողմերին ժամանակ է պետք հանդարտվելու»։

Նախկին արտգործնախարարը չի բացառում, որ Սաֆարովին ներելու՝ Ադրբեջանի նախագահի քայլի ենթատեքստում ի սկզբանե եղել է որոշակի նպատակ՝ Հայաստանին հարկադրելը, որ վերջինս դուրս գա բանակցային գործընթացից։ Նա համոզված է՝ Հայաստանը պետք է շարունակի նույն ձեւաչափով բանակցել Ադրբեջանի հետ։

«Պետք է հիմա, օգտագործելով այս առիթը, էլ ավելի ակտիվորեն բացատրել անհնարինությունը ինչ-որ ավտոնոմիաներից խոսելու», - ասում է Ալեքսանդր Արզումանյանը։
XS
SM
MD
LG